Իսկական տղամարդը գործ է անում, ոչ թե փողկապ ծամում. Տիմատին՝ Սաակաշվիլիին
ՌԴ ռեփեր Տիմատին պատասխանել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, ով խորհուրդ էր տվել Ուկրաինայի սահմանային ծառայությանը թույլ չտալ արտիստի մուտքն Օդեսա՝ Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշման պատճառով, փոխանցում է РИА Новости-ն։
Ռուս երաժիշտը հայտնել է, որ ելույթ չի ունենա Օդեսայում, որպեսզի սադրանքների համար ավելորդ առիթներ չտա Սաակաշվիլիին։
«Խնդիր չկա, ես համերգ չեմ տա, որպեսզի չուրախացնեմ Սաակաշվիլիին սադրանքների համար ավելորդ առիթներով։ Սակայն արժե՞ արդյոք լուրջ ընդունել քաղաքական գործչի խոսքերը, ով կողոպտել է իր սեփական երկիրը, գտնվում է դաշնային հետախուզման մեջ՝ լինելով լքված իր իսկ ժողովրդի կողմից։ Իսկական տղամարդը գործ է անում, այլ ոչ թե փողկապ ծամում»,- գրել է երգիչը Instagram-ում։
Հիշեցնենք, որ Տիմատիի համերգը նախատեսված էր Օդեսայի «Իբիցա» ակումբում օգոստոսի 21-ին։ Նահանգապետ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է խանգարել համերգի անցկացմանը և համառորեն խորհուրդ էր տվել չեղարկել ռեփերի ելույթը։ Միջոցառման կազմակերպիչները լսել են քաղաքական գործչին և չեղարկել Տիմատիի համերգը։










