Շառլ Ազնավուրը ելույթ կունենա էլզասյան գինիների փառատոնի շրջանակում

18:44 • 28.07.15

 

Ֆրանսիական Կոլմար քաղաքում անցկացվող էլզասյան գինիների հայտնի փառատոնի (Foire aux Vins d’Alsace) մշակութային ծրագրի շրջանականերում ելույթ կունենա նաև ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը:
 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչի պաշտոնական` charlesazna vour.com կայքը, փառատոնի շրջանակում Ազնավուրի համերգը տեղի կունենա օգոստոսի 7-ին:
 

Էլզասյան գինիների հայտնի փառատոնը Կոլմար քաղաքի սիրված տոնակատարություններից է, որին մասնակցում են գինու բազմաթիվ պատրաստողներ և հազարավոր այցելուներ:

 

Միջոցառման ընթացքում անցկացվում են նաև տասնյակ համերգներ: colmar-expo.fr կայքը տեղեկացնում է, որ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-16-ը: Foire aux Vins d’Alsace 2015-ի տոնակատարությունների ժամանակ նախատեսված համերգային երեկոներից մեկին ելույթ կունենա նաև Դավիդ Գետան:


Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է:
 

Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

 

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա էլզասյան գինիների փառատոնի շրջանակում