Ավետ Տերտերյանի որդին «Տերտերյանի ժամանակը» փառատոնը լավագույն նվերն է համարում կոմպոզիտորին
Հայ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի հիշատակին Գեղարքունիքի մարզի Հայավանք գյուղում՝ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը հուլիսի 29-ին կկայանա «Տերտերյանի ժամանակը» փառատոնը:
«Սա ամենամեծ նվերն է հայրիկիս: Գնելով այդ տունը Սևանա լճի ափին` նա երազում էր, որ այնտեղ միշտ տոն լինի, ոչ միայն հնչի ակադեմիական երաժշտություն, այլ տիրի ոգու ուրախություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է կոմպոզիտորի որդին՝ երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը՝ հույս հայտնելով, որ փառատոնն իսկական ուրախություն և ժպիտը կբերի Հայաստանին:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ Ավետ Տերտերյանին նվիրված փառատոնի գաղափարը վաղուց էր հասունացել: «Այսօր մենք գործ ունենք նոր ավանդույթի ներդրման հետ: Վստահ եմ, որ այս ծրագիրը, որը ներառում է մի քանի օր տևող բազմապիսի միջոցառումներ, կդառնա ավանդական: Տերտերյանի երաժշտությունը չունի սահմաններ, այն ինձ համար բացահայտել է, թե ինչպես կարելի է կերպարով տարածություն լրացնել և այդ տարածությունը դարձնել ստեղծագործության դաշտ»,- ասել է նախարարը:
Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանն ընդգծել է, որ հայ-ռուսական համատեղ ծրագիրը, որն առաջին անգամ է իրականացվում նման ձևաչափով, Հայաստանում անցկացվելուց հետո կներկայացվի Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Մոսկվայում: «Հետագայում փորձելու ենք այն իրականացնել նաև եվրոպական երկրներում»,- ասել է նա և հույս հայտնել, որ ապագայում կստեղծվեն նաև Ավետ Տերտերյանի տուն թանգարանը և ֆոնդը:
Փառատոնն առանձնանում է իր բազմաժանրությամբ՝ միավորելով մշակույթի և արվեստի մի շարք ճյուղեր և ուղղություններ: Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա վեր խոյացող 4-րդ դարի Սբ. Ստեփանոս եկեղեցում կեսօրին կմատուցվի պատարագ և կհնչի հոգևոր երաժշտություն Աննա Մայիլյանի կատարմամբ: Ելույթ կունենա «Տոնացույց» ֆոլկ համույթը:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև «Կերպարանափոխում» պուրակի հիմնում, ժողովրդական արհեստների տոնավաճառ, հայկական ազգային խոհանոցի ուտեստների ցուցահանդես-վաճառք: Շրջայց կկատարվի Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը: Կցուցադրվեն հայ և ռուս նկարիչների գեղանկարչությունը և գծանկարչությունը, Երևանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների սաների աշխատանքները:
Ելույթներով հանդես կգան հայ և ռուս գրականագետների ելույթներ, որից հետո տեղի կունենա Ռուբեն Տերտերյանի «Զրույց Ավետ Տերտերյանի հետ» անգլերեն հրատարակությունը և «Հայաստանի պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանություններում» գրքերի շնորհանդեսները:
Երեկոյան սպասվում է կինոծրագիր «Ավետ Տերտերյանը և նրա երաժշտությունը կինոարվեստում» խորագրով: Փառատոնը կամփոփվի համերգային ծրագրով: Կհնչի Կոմիտաս և Տերտերյանի «Սիմֆոնիա թիվ 6-ը»:
«Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ:
Հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն): Տերտերյանը գրել է 8 սիմֆոնիա և երկու օպերա՝ «Կրակե օղակ» և «Երկրաշարժ»:










