Արարատ Սարգսյանը «Սասունցի Դավիթ»–ը ներկայացրեց գլանակների ու կավի միջոցով

18:46 • 30.07.15

Տպագրական գործիքի նախատիպ հանդիսացող գլանակների ու կավի միջոցով արվեստագետ Արարատ Սարգսյանը Ժան Պոլ սրճարանում Անտիկյան ցուցասրահի նախաձեռնությամբ ցուցադրեց «Սասունցի Դավիթ» էպոսի առավել հայտնի դրվագները: Նա այս կերպ նորովի ներկայացրեց էպոսը հանրությանը:

 

Արվեստագետը բանավոր գյումրվա բարբառով պատմեց  էպոսը՝ միաժամանակ գլանակները անցկացնելով կավի վրա ու ստացված պատկերները պատին փակցնելով:
 

Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ժամանակակից արվեստագետ է, իսկ ժամանակակից արվեստը արտահայտման տարբեր մեթոդներ է պահանջում: Այս անգամ ինքն ընտրել է գլանակների արվեստը:

 

«Սա այլ նախագծերում չեմ օգտագործի, միայն էպոսի ներկայացման համար: Գլանակի մեթոդը հին տպագրական մեթոդ է, շատ հայտնի է միջին Արևելքում և շումերաաքադական պոեմներն էին այս կերպ ներկայացվում՝ գլանակի ու կավի մեթոդով: Սա նաև բնորոշ է հայկական լեռնաշխարհին, ինչը ես շեշտադրել ու ցույց եմ տվել տարբեր երկրներում»,-ասաց նա:

 

Արվեստագետը նաև նշեց, որ «Սասունցի Դավիթ» պոեմի մասին մենք սխալ գիտելիքներ ունենք, քանի որ այն կոմունիզմի թեթև ձեռքով այնպես է մշակվել, որ իրականությունից հեռվացել է:


«Էպոսի մեջ իրականում շատ էրոտիկ տեսարաններ կան, հերոսները հաճախ խոսում են հայհոյախառը բառերով, այս ամենը առկա է նաև մեր կյանքում, բայց Սովետական միության ժամանակ հանեցին ամեն ինչ»,-ասաց նա:

Արարատ Սարգսյանը «Սասունցի Դավիթ»–ը ներկայացրեց գլանակների ու կավի միջոցով