Բաթրունի միջազգային փառատոնը բացվել է Ազնավուրի անմահ երգերով. The Daily Star

16:59 • 03.08.15

Լուսանկարները՝ Ֆարես Ջամալի

 

Շատ չեն այն կատարողները, որոնք տարիների ընթացքում է՛լ ավելի սիրված ու ճանաչված են դառնում, գրում է The Daily Star-ի թղթակիցը Լիբանանում և նշում, որ նրանցից մեկը 91-ամյա Շառլ Ազնավուրն է:

 

Շանսոնյեն շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, իր երգերով բացել է Բաթրունի միջազգային փառատոնը: Երգչի վերջին համերգը Լիբանանում տեղի էր ունեցել 2012 թվականին՝ Ջունիեի փառատոնին:

 

«Այդ ժամանակ նրա էներգիան և աշխուժությունը տպավորեց լիբանանցի հանդիսատեսին, և շաբաթ երեկոյան նա ապացուցեց, որ իր երաժշտությունը և ձայնը շարունակում են նույնչափ գերող լինել»,- գրում է թերթը:

 

Թղթակիցը գրում է, որ ֆրանսահայ երգիչը զարմանալի կարիերա է արել, և երաժշտական աշխարհի վրա նրա ազդեցությունը նաև զգալի ազդեցություն է թողնում երաժշտությունից դուրս գտնվող աշխարհի վրա:

 

The Daily Star-ը գրում է, որ նրա ամենաքաղաքական երգերից մեկը՝ «Ils Sont Tombés»-ն, Հայոց ցեղասպանության մասին է, իսկ Ազնավուրը Հայաստանի մշտական ներկայացուցիչն է միջազգային մի շարք կազմակերպություններում:

 

Համերգը սկսելուց առաջ Ազնավուրը նախազգուշացրել է հանդիսատեսին «իր վատացող տեսողության և լսողության ու գոյություն չունեցող հիշողության մասին»: Այնուհետև նա նստել է և սկսել երգել:

 

«Նրա ձայնը զարմանալիորեն չի փոխվում, և նրան լսել կենդանի կատարելիս, անգամ՝ երգերը գրվելուց 50 տարի անց, հզոր փորձառություն է: Այն, թե ինչպես է Ազնավուրն օգտագործում երաժշտությունը, նպաստել է մարդկանց շրջանում իր նկատմամբ մեծ սիրուն»,- գրում է թերթը՝ պատմելով նրա երգերի մասին:

 

Բաթրունի միջազգային փառատոնը բացվել է Ազնավուրի անմահ երգերով. The Daily Star