Առնոլդ Շվարցենեգերը հայ մարզական լուսանկարչից նամակով խնդրել էր իր լուսանկարները

22:15 • 04.08.15

 

Ավստրիական ծագման ամերիկացի մարզիկ, կինոդերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին 1970-ականներին լուսանկարել է հայ մարզական լուսանկարիչ Գրիգոր Ճոլոլյանը:
 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում օգոտոստոսի 4-ին բացված «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունում ներկայացված է նմուշ, ըստ որի 1977-ին Առնոլդ Շվարցենեգերը նամակ է գրել «Արազ ստուդիային», որտեղ աշխատել է հայ լուսանկարչը, ու խնդրել մի քանի նկարներ:
 

«Մի քանի տարի առաջ «Արազ»-ն ինձ լուսանկարել է, և ես ցանկանում եմ ձեռք բերել այդ նկարները, որոնք կօգտագործեմ իմ «Մարմնակազմության (բոդիբիլդինգի) կրթությունը» գրքում, որը կհրատարակվի Սիմոնի և Սուսթերի կողմից»,-ասված է Շվարցենեգերի նամակում:
 

Արդյոք նկարները հասել են հայտնի դերասանին, հայտնի չէ, քանի որ 1977-ին Գրիգոր Ճոլոլյանն արդեն մահացել էր:
 

Օգոստոսի 4-ից հոկտեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կգործի «Հայկական սպորտը և մարմնակրթությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Դրանում, մասնավորապես, ներկայացված են բացառիկ նյութեր և լուսանկարներ: Ցուցադրությունը բաղկացած է 12 խորագրից, որոնք վերաբերում են 1900-1923 թվականներին մարմնակրթական շարժմանն Օսմանյան կայսրությունում:
 

Առնոլդ Շվարցենեգերը հայ մարզական լուսանկարչից նամակով խնդրել էր իր լուսանկարները