Էլդար Ռյազանովը սրտի վիրահատության է ենթարկվել, կանխատեսումները դրական են
ՌԴ հայտնի կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը հուլիսի վերջերից սկսել է շնչահեղձություն և սրտի շրջանում ցավեր ունենալ։ Ռեժիսորի ընտանիքը որոշում է կայացրել նրան ուղարկել մոսկովյան սրտաբանական կենտրոն՝ հերթական ստուգման։
Բուժզննման արդյունքում բժիշկները որոշում են կայացրել սրտի վիրահատություն անցկացնել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով բժիշկների շրջանում աղբյուրներին։
«Էլդար Ռյազանովին ընտանիքը հետազոտման է բերել սրտի շրջանում ունեցած ցավերից հետո։ Բժիշկները մեկ օր մոնիթորինգ են անցկացրել՝ հետևելով սրտի աշխատանքին։ Արդյունքում որոշվել է անոթների ստենտավորում կատարել»,- նշել է աղբյուրը։
87-ամյա ռեժիսորն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կանխատեսումները դրական են, և մոտ ժամանակում հնարավոր է՝ նրան տեղափոխեն սովորական հիվանդասենյակ։










