Ստրադիվարիուսի 35 տարի առաջ գողացված ջութակը հայտնաբերվել է ԱՄՆ-ում
ԱՄՆ իրավապահ մարմինները հայտնաբերել են Ստրադիվարիուսի ջութակը, որը հայտնի երաժիշտ Ռոման Տոտենբերգից գողացել էին 35 տարի առաջ, գրում է РИА Новости-ն։
Ջութակը գողացել են 1980-ին՝ նրա ելույթից հետո։ Ինչպես նշել է ջութակահարի դուստր Նինա Տոտենբերգը՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է այն գտնելու մասին հունիսին, և շուտով գործիքը կվերադարձնեն ընտանիքին։
«ՀԴԲ գործակալն ինձ ասաց, որ միակ բանը, որի համար զղջում է, այն է, որ չեն հասցրել վերադարձնել այն ժամանակին, որպեսզի Տոտենբերգը կրկին տեսներ ջութակը և նվագեր»,- ասել է Նինա Տոտենբերգը։
Ջութակի գողության մասին հայց չի ներկայացվել, քանի որ գլխավոր կասկածյալն արդեն մահացել է։
Լեհական ծագմամբ ջութակահար Ռոման Տոտենբերգը մահացել է 2012թ. 101 տարեկանում։ Ստրադիվարիուսի ավելի քան 280-ամյա ջութակը նա գնել է 1943-ին։










