Շառլ Ազնավուրն Էլզասի գինիների 68-րդ փառատոնի բացման աստղը կլինի. France Bleu

15:18 • 07.08.15

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հինգշաբթի ժամանել է Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Էլզաս շրջանի Կոլմար քաղաք, որտեղ մամուլի ասուլիս է տվել, իսկ այսօր նա կլինի Էլզասի գինիների 68-րդ փառատոնի բացման աստղը, գրում է France Bleu ռադիոկայանի կայքը։ 

 

Ֆրանսիական ժամանակով ժամը 21-ին նախատեսվում է փառատոնի շրջանակում նրա համերգը, որի բոլոր տոմսերն արդեն սպառված են:

 

Կայքը գրում է, որ Ազնավուրը մամուլի ասուլիսին ժամանել է «ուրախ տրամադրությամբ»։ Ազնավուրն այս փառատոնին հաճախ է մասնակցում, նա փառատոնին էր ժամանել նաև 2009-ին, ինչի մասին հումորով հիշել է. «Մենք խոսում ենք գինու մասին, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մի քանի տարի առաջ, երբ ես այցելեցի այստեղ, դա գարեջրի փառատոն էր, այդպես չէ՞»։

 

Համերգից հետո գինու համտեսումներ են նախատեսված, և չնայած սպասվող «գինովցածությանը»՝ երգիչը չի պատրաստվում վայր դնել իր գրիչը նոր երգեր գրելու համար, գրում է լրատվամիջոցը։ Երգիչը խոստովանել է, որ առավոտյան գրելն իր համար ծեսի պես մի բան է, և առանց դրա նա չի կարող:

 

Այս երեկո սպասվող համերգին շանսոնյեն կկատարի «Encores» նոր ալբոմի երգերը, ինչպես նաև բոլորի կողմից սիրված դասական երգերը:

 

Փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 7-16-ը:

 

Շանսոնյեն շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, իր երգերով բացել էր Բաթրունի միջազգային փառատոնը: Երգչի վերջին համերգը Լիբանանում տեղի էր ունեցել 2012 թվականին՝ Ջունիեի փառատոնին:

 

 

 
Շառլ Ազնավուրն Էլզասի գինիների 68-րդ փառատոնի բացման աստղը կլինի. France Bleu