Վատիկանն առաջին անգամ կմասնակցի Վենետիկի կինոփառատոնին

09:37 • 07.08.15

Վենետիկի միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ այս տարի պաշտոնական մասնակիցներից մեկը կլինի Վատիկանը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական KNA կաթոլիկ գործակալությանը։

 

Վենետիկյան 72-րդ փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը, ամենափոքր պետությունը կներկայացնի «Աշխարհի ամենափոքր բանակը» փաստագրական ֆիլմը, որը մանրամասն նկարագրում է Շվեյցարական գվարդիայի առօրյան։

 

Վատիկանի Հեռուստատեսային կենտրոնում ստեղծված ֆիլմը կցուցադրվի արտամրցութային ծրագրում։

 

Ֆիլմի հեղինակ իտալացի վավերագրող Ջանֆրանկո Պանոնեն հույս է հայտնել, որ իր աշխատանքը կհետաքրքրի փառատոնի մասնակիցներին և հյուրերին։

 

Աշխատանքները կգնահատի միջազգային ժյուրին՝ մեքսիկացի ռեժիսոր, օսկարակիր Ալֆոնսո Կուարոնի գլխավորությամբ։

Վատիկանն առաջին անգամ կմասնակցի Վենետիկի կինոփառատոնին