Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիբանանում

14:43 • 10.08.15

Բեյթեդդինի 2015.թ արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ օգոստոսի 8-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ համերգով հանդես եկավ Լիբանանում:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը, համերգը տեղի է ունեցել փառատոնի կազմակերպիչների հրավերով և ՀԲԸՄ աջակցությամբ:


Համերգին ներկա գտնվող շուրջ 3000 հանդիսատեսների առջև հայ երաժիշտները կատարեցին Բրամսի, Մոցարտի, Արամ Խաչատրյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
 

Համերգին ներկա են եղել Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ և պաշտոնյաներ, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, կրոնական առաջնորդներ, արվեստագետներ և երաժշտասերներ:

 

Համերգից հետո՝ ի պատիվ հայ երաժիշտների Բեյթեդդինի նախագահական պալատի բակում կազմակերպվեց ընդունելություն:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիբանանում