Բորիս Գրեբենշչիկովն ու Նինո Կատամաձեն երգել են Սաակաշվիլիի համար (տեսանյութ)
Ռուս երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ով օգոստոսի սկզբին Օդեսա է ժամանել, հանրահայտ երգչուհի Նինո Կատամաձեի հետ երգել է Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայությամբ: Այդ մասին Սաակաշվիլին հայտնել է Facebook-ի իր էջում, փոխանցում է lenta.ru-ն:
«Երկու տաղանդավոր մարդկանց անմոռանալի դուետ ստացվեց ուկրաինական երկնքի տակ»,- գրել է նա: Սաակաշվիլին նաև պատմել է, որ շուտով քաղաք կժամանի Անդրեյ Մակարևիչը:
YouTube-ում տեղադրված տեսանյութում Գրեբենշչիկովը և Կատամաձեն նստած են սեղանի շուրջ՝ Սաակաշվիլիի դիմաց: Ռուս երաժիշտը կատարում է «Ветка» երգը, Կատամաձեն ձայնակցում է նրան:
Օգոստոսի 2-ին Սաակաշվիլին գրել էր սոցցանցում. «Մեզ մոտ հյուր էր Բորիս Գրեբենշչիկովը: Նա ժամանել է Թբիլիսիում և Կիևում համերգներից հետո և կիսվել իր տպավորություններով: Նա հիացած է Կիևի հանդիսատեսից և ընդհանուր առմամբ շատ ջերմ է արտահայտվել Ուկրաինայի մասին»:
Այդ հանդիպումը Ռուսաստանի պետական դումայում պետական դավաճանություն են անվանել, գրում է lenta.ru-ն:










