Դիլիջանը Հայաստանի «Շվեյցարիան» է. Huffington post-ի անդրադարձը
Huffington post-ի հոդվածագիր Ջեքի Աբրամյանը ծավալուն հոդվածով ներկայացրել է Դիլիջան քաղաքը, դիլիջանցիների առօրյան և զբոսաշրջիկների հյուրընկալությունը «հայաստանյան Շվեյցարիայում»:
«Մայրաքաղաք Երևանից 90 կմ հեռավորությամբ` լեռնային ճանապարհները տանում են դեպի Տավուշի մարզի Դիլիջան զբոսաշրջային քաղաքը: Ամառային տոթ ու խոնավ եղանակից փախչելու լավագույն տարբերակը Դիլիջանն է` «Հայաստանի Շվեյցարիան», ուր հանգստանալու են ժամանում ինչպես Հայաստանի մյուս քաղաքներից, այնպես էլ հարևան Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Հայտնի իր անտառային կանաչապատ բնությամբ և հարուստ հանքային բուժիչ աղբյուրներով` Դիլիջանը միշտ հետաքրքիր է այցելուների համար», - գրում է Աբրամյանը:
Նա անդրադարձել է նաև Դիլիջանի քաղաքային կոլորիտին և մասնավորապես` ճարտարապետությանը. «ընդգծված մեծ պատշգամբներով և սալիկապատ տանիքներով տներ, զառիթափ փողոցներ, լեռնային անվերջ լաբիրինթոսներ…»:
Դիլիջանում հյուրերը կարող են այցելել նաև քաղաքի Ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ կտեսնեն ավանդական գորգերի հարուստ տեսականի:
«Թեև այսօր Դիլիջանում շատ չեն ժամանցային կենտրոնները, նորաբաց B&B-ները, ռեստորաններն ու բուտիկ-հյուրանոցները, ինչպես նաև խոշոր հյուրանոցային ցանցերը խոսում են ապագայում զբոսաշրջիկների էլ ավելի մեծ հոսքեր ընդունելու խոստումնալից հնարավորության մասին»,- հավելում է Աբրամյանը:










