Հայկական տարազը լուսանկարիչների աչքերով. Երևանում տեղի ունեցավ մրցույթ-ցուցահանդես

15:58 • 12.08.15

Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հայկական տարազ. Էթնո մշակութային դիմագիծ» լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսը, ինչպես նաև ներկայացվեցին երիտասարդ դիզայներ-մոդելավորողների հագուստներ՝ համեմված ազգային տարազի մոտիվներով:


Tert.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Հայկական շրջանակ» նախաձեռնության ղեկավար Սոնա Տոնականյանը նշեց, որ ընտրել են հայկական տարազը, որովհետև ցանկանում են, որ հայկական տարազի օրինակները տարածում գտնեն լուսանկարչության միջոցով:


«Մեզ հետաքրքիր էր, թե ինչպես են ընկալում տարազը լուսանկարիչները, ինչպես կարելի է այն ավելի հետաքրքիր ներկայացնել լայն հանրությանը: Ընդհանրապես Հայաստանում շատ չեն տարազով զբաղվողները, կարողները: Կոնկրետ այն տարազները, որոնք ցուցադրված են լուսանկարների միջոցով կարել են «Սփյուռքից հայրենիք» կազմակերպության սիրիահայ կանայք և «Տերյան» մշակութային կենտրոնի մոդելավորողները»,- ասաց նա:


Ինչպես տեղեկացրեց Սոնա Տոնականյանը, մրցույթին մասնակցել են 9 լուսանկարիչներ և միասին ներկայացրել մոտ 85 լուսանկարներ: Հաղթողի անունը կհրապարակվի 2 օր անց, որին հնարավորություն կտրվի անհատական ցուցահանդես կազմակերպել դարձյալ նույն թեմայի շուրջ:


Նշենք, որ միջոցառման ավարտին մի խումբ աղջիկներ ներկայացրին Գեղարվեստի ակադեմիայի ավարտական կուրսի ուսանողների մոդելավորած տարազի տարրերով համեմված ժամանակակից հագուստներ:

 

 

Հայկական տարազը լուսանկարիչների աչքերով. Երևանում տեղի ունեցավ մրցույթ-ցուցահանդես