Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» համերգաշարի ալբոմը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին

19:44 • 13.08.15

Հայտնի հայ երաժիշտ, ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի նախաձեռնած «Լոյս ի լուսոյ» համերգաշարի ալբոմը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է jazzwisemagazine.com կայքը:


«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը մեկնարկել է ապրիլի 24-ին: Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումները հնչել են Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի և Ռուսաստանի հայկական եկեղեցիներում:

 

Հոկտեմբերին նրանք համերգներով հանդես կգան Անգլիայում և Իռլանդիայում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում:

 

Բոլոր համերգները տեսագրվելու և ամփոփվելու են մեկ վավերագրական ֆիլմում: Համերգի ընթացքում հնչում են բացառապես հոգևոր երգեր, շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը նոր շունչ է ստացել Համասյանի թարմ, երիտասարդական և յուրօրինակ մեկնաբանության միջոցով:

 

Ժամանակակից Թուրքիայի տարածքում «Լոյս ի լուսոյ»-ի համերգաշարի մեկնարկը տրվել էր հունիսի 21-ին` պատմական հայկական մայրաքաղաք Անիում տեղի ունեցած համերգով: Հունիսի 23-ին համերգը կայացել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու առջև: Հունիսի 27-ին այն շարունակվել էր Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում:



 

 

Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» համերգաշարի ալբոմը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին