Քվենտին Տարանտինոն ներկայացրել է «Անտանելի ութնյակը» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

12:22 • 13.08.15

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն չորեքշաբթի օրը համացանցում է տեղադրել իր նոր «Անտանելի ութնյակը» (The Hateful Eight) ֆիլմի առաջին թրեյլերը: Այն դրական արձագանք է ստացել հոլիվուդյան և համաշխարհային քննադատների կողմից, գրում է РИА Новости-ն:

 

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2015 թվականի դեկտեմբերի 15-ին։

 

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի տարի անց: Փրկվելով սարերում ձնաբքից՝ նույն տանն են հայտնվում հանցագործները, դահիճը, կովբոյը, ինչպես նաև Հյուսիսի և Հարավի բանակների զինվորները: Այդտեղ էլ զարգանում են ֆիլմի հիմնական իրադարձությունները:

 

Ինչպես հայտնել են հոլիվուդյան շրջանակները, գործողությունների ավելի իրատեսական լինելու համար, Տարանտինոն պնդել է, որ տեսարանները նկարահանվեն հատուկ ստեղծված սառնարանային սենյակում:

 

Տարանտինոյի խոսքով՝ նոր աշխատանքը ոչ մի կերպ կապված չէ իր նախորդ վեսթերնի՝ «Ազատագրված Ջանգո»-ի հետ, որն էկրաններին է բարձրացել 2012 թվականին:

 

Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Քուրթ Ռասելը, Սեմուել Լ. Ջեքսոնը, Թիմ Ռոթը և Չենինգ Տատումը: Նկարահանումներն անց են կացվել Կոլորադո նահանգում:

 

Տարանտինոն «Անտանելի ութնյակը» ֆիլմի երկու տարբերակ է ստեղծել՝ դասական 70մմ ժապավենով և ժամանակակից թվային ձևաչափով: Ռեժիսորի կարծիքով՝ միայն 70մմ ժապավենը կարող է փոխանցել կադրի խորությունը և, այդպիսով, ուժեղացնել հանդիսատեսի վրա ֆիլմի վիզուալ և էսթետիկ ազդեցությունը։

 

Առաջին տարբերակով ֆիլմը վարձույթ դուրս կգա 2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ընտրված կինոթատրոններում: Դրանցից մի քանիսում հատուկ կբերվեն կինոպրոյեկտորներ, որոնցից ԱՄՆ կինովարձույթը զանգվածաբար հրաժարվել է դեռ երկու տասնամյակ առաջ: Իսկ ֆիլմի թվային տարբերակը կինոթատրոններ կհասնի 2016 թվականի հունվարի 8-ին:

 

Քվենտին Տարանտինոն ներկայացրել է «Անտանելի ութնյակը» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)