ԱՄՆ-ն Ֆրանսիային է փոխանցել Պիկասոյի 15 մլն դոլար գնահատվող կտավը
ԱՄՆ-ի կառավարությունը Ֆրանսիայի իշխանություններին է վերադարձրել Պաբլո Պիկասոյի «Վարսավիրուհին» (La Coiffeuse, 1911) կտավը, որն ամերիկացի մաքսայինները հայտնաբերել էին Նյու Յորքում 2014թ. դեկտեմբերին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վերջին 14 տարիներին կորած համարվող և 15 մլն դոլար գնահատվող նկարի փոխանցումը կայացել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը։
Ինչպես նշել է ֆրանսիացի դեսպանի խորհրդական Ֆրեդերիկ Դորեն՝ կտավը կվերադարձվի Փարիզի Ժամանակակից արվեստների թանգարան։ Այնտեղից կտավը վերջին ճանապարհորդության էր մեկնել Մյունխեն՝ 1998-ին, իսկ վերադառնալուց հետո պահվում էր Պոմպիդուի անվան կենտրոնի պահեստներում։ Երբ 2001-ին կտավը կրկին պատրաստվում էին ժամանակավոր տանել արտերկիր, պարզվել էր, որ այն տեղում չէ։
Պիկասոյի կտավը հայտնաբերվել է Նյու Յորքի մաքսակետում՝ Բելգիայից ուղարկված փաթեթում։ Ուղարկողը նշել է, որ դա «30 եվրո արժողությամբ գեղարվեստական կեղծված աշխատանք է»։










