Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)

15:12 • 16.08.15

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մեծ շուքով նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման բերկրառատ տոնը: Միածնաեջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների, բարերարների և ուխտավոր հավատացյալների, մատուցվել է Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 

«Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծեց, որ սերը, հնազանդությունը, հեզությունը և խոնարհությունն այն առաքինություններն են, որոնք փոխել են, փոխում են և պիտի փոխեն այս աշխարհը` դարձնելով այն առավել բարի և օրհնաբեր:


«և այսօր մենք էլ` որպես Նրա աշակերտները, խոսք ենք լսում մեր Տիրոջից, որ ասում է. «Ահա քո Մայրը»: Սրբացնող և սրբարար այս խորանից տեսնում եմ այս աստվածակառույց տաճարը` լեցուն բազում մայրերով, որոնց հավատարմության, սրբության, հեզության, խոնարհության և հնազանդության օրինակն Աստվածամայր Ս. Կույսն է: Մեզ համար մայր է ոչ միայն Ս. Աստվածածինը, այլև այն սուրբ երկիրը, որտեղ մենք ապրում ենք և որից ուժ, եռանդ ու հոգի ենք ստանում: Մայր է մեզ համար այն եկեղեցին, որի Ս. Ավազանից ծնվելով` անդամագրվում ենք Քրիստոսի Եկեղեցուն: Մայր է նաև Միածնաէջ այս Տաճարը, որի Ավագ Ս. Խորանը Տիրամորն է նվիրված: Սուրբ Կույսի կյանքի օրերը դեռևս նոր էին սկսվել, երբ ընծայվեց տաճարին, նոր էր Նա ճաշակել դեռատության քաղցրությունը, երբ դրան փոխարինեց մայրության բերկրանքին սպասելու օրհնաբեր ավետիսը: Այսօր, սիրելինե՛ր, Աստվածամայրը մեզ հետ չե, այլ Նրա կենդանի օրինակն է մեզ հետ, և Նրա բարեխոսությունը` որպես բոլոր քրիստոնյաների մայր»,- նշեց Մուշեղ Սրբազանը:


Հավարտ սրբազան արարողության, Ս. Տրդատի բաց խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը, որի ժամանակ շարականի երգեցողությունից հետո ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, ապա Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը:


Արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալներին»,–ասվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:


 

 

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)