Ստեղծագործելուց չեմ վախենում լինել խենթ ու ազատ. Էմմա Թումանյան
Օգոստոսի 21-ին Նկարիչների տանը տեղի կունենա նկարչուհի Էմմա Թումանյանի անհատական ցուցահանդեսը: Tert.am-ը զրուցել է նրա հետ՝ պարզելու, թե ինչով են առաաջանում նրա նկարները և ինչու են նրան անվանում «սկանդալային նկարչուհի»:
-Էմմա, ո՞րն է Ձեր «ես»-ը արվեստում և ինչո՞վ է այն տարբերվում ուրիշներից:
- Անկեղծ ասած, չեմ սիրում համեմատվել ու երբեք այդ ուղղությամբ չեմ մտածել: Ո՞րն է իմ «ես»-ը ... գուցե արվեստի մեջ սահմանափակումներ չունենալն ու կանոններին չենթարկվելը: Ստեղծագործելուց չեմ վախենում լինել խենթ ու ազատ:
- Ձեր նկարներից մեկը Արցախի «Մենք ենք մեր սարերը » պատկերված են մեծ քանակությամբ, այլ ոչ թե այնպես , ինչպես իրականում: Ի՞նչ եք ցանկացել դրանով ասել:
-Տվյալ կերպարների թիվը շատացնելով փորձել եմ ցույց տալ Արցախի հզորությունը և մեկ անգամ ևս մատնանշել, որ հայը հզոր է իր արմատներով:
-Իսկ գուցե Դուք արցախցի եք, դրա համար եք այդպիսի նկար ստեղծել ...
-Ո՛չ... Հայրական կողմից դսեղցի եմ և հպարտությամբ կարող եմ ասել, որ Հովհաննես Թումանյանի ուղիղ ազգակիցն եմ, իսկ մայրական կողմից կիսով չափ հրեա եմ:
- Ձեր ստեղծագործություններում շատ են սոցիալական թեմաները, ինչո՞ւ:
-Անտարբեր մնալ ժողովրդին հուզող ամենօրյա խնդիրներին՝ հնարավոր չէ: Յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում ես սոցիալական ողբերգության: Իսկ ցանկացած ողբերգություն խորը նստվածք է թողնում, որն էլ դառնում է նկարի թեմա:
-Հետևելով սոցցանցերի գրառումներին, կարելի է եզրակացնել, որ Սփյուռքը բոլորից շատ է հետաքրքրված Ձեր արվեստով: Ինչո՞վ դա կբացատրեք:
-Չեմ կարող բացատրել: Գուցե պատճառն այն է, որ իմ նկարներում գամմային և թեմատիկ առումներով հայկականը շատ է:
-Ինչպե՞ս կարող եք գնահատել այսօրվա երիտասարդությանը:
-Ազատ, առանց ավելորդ բարդույթների, կարծրատիպեր կոտրող և սեփական «ես»-ը ունեցող: Վառ ապացույցն էին Բաղրամյան պողոտայում ցույց անող երիտասարդները:













