«Դոգմա» ռոք խումբը 11-օրյա համերգային շարք է սկսում ՀՀ ու ԼՂՀ-ում. մեկնարկը կտրվի վաղը՝ Վանաձորում
Օգոստոսի 20-ից 31-ը Հայաստանում և Արցախում մեկնարկում է «Դոգմա» ռոք խմբի համերգային շարքը. առաջին համերգը տեղի կունենա Վանաձորում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց համերգային ծրագրի ղեկավար Էդգար Վարդանյանը:
«Բարեգործական համերգներ են տեղի ունենալու Հայաստանի 7 առավել խոշոր քաղաքներում՝ Վանաձորում, Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Գորիսում, Արմավիրում և Ստեփանակերտ: Գյումրիում համերգը կանցկացվի բացօթյա՝ Թատերական հրապարակում, իսկ մյուս քաղաքներում՝ մշակութային տներում»,-ասաց նա:
Ինչպես նշեց Էդգար Վարդանյանը, «Դոգմա» ռոք խումբը իր առաջնային նպատակն է համարում մարզերում մշակութային կյանքի բարելավումը, ինչի նպատակով էլ իրականացնում է համերգային այս շարքը:
«Նպատակը մեկն է՝ զարգացնել մարզերում մշակութային կյանքը, իսկ նմանատիպ նախաձեռնությունները իրենց դրական ազդեցությունը կունենան: Մարզերում սիրում են ռոք երաժշտություն, բայց նաև պետք է ստեղծել այդ պահանջարկը: Գյումրիի բացօթյա համերգներից սպասելիքները շատ են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նախագիծը լինելու է շարունակական:
Համերգային այս ծրագրի մեջ ներառված չէ Երևանը, սակայն մայրաքաղաքում «Դոգմա» ռոք խումբը համերգ կունենա սեպտեմբերի վերջերին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:










