Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է, որ միայն հպարտ կլինի Ուկրաինայի «սև ցուցակում» հայտնվելու համար (լուսանկարներ)
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովն իր այցով ուրախացրել է Ղրիմի երկրպագուներին։ Հայտնի երգիչը համերգ է տվել Սևաստոպոլում, ինչպես նաև եղել է «Նոր ալիք» երգի մրցույթի մանկական տարբերակի ժյուրիի կազմում, գրում է Life News-ը։
Կիրկորովի՝ Ղրիմում գտնվելն առանց սկանդալի չի ուղեկցվել։ Արտիստը ստիպված է եղել պաշտպանել իր ընկերուհուն՝ ուկրաինացի երգչուհի Իրինա Բիլիկին, ում «քարկոծել» են հայրենիքում՝ երգչի հետ «սելֆի» անելու համար։ Կիրկորովը չի կարողացել խուսափել քաղաքականության թեմայից և արտիստների «սև ցուցակների» հետ կապված իրավիճակից։
«Պատժամիջոցներ և «սև ցուցակներ»՝ ինչի՞ համար։ Մանկական «Նոր ալիք» մրցույթին մասնակցելո՞ւ համար, որտեղ ելույթ են ունենում տաղանդավոր երեխաներ։ Մարդկանց սիրո մասին երգելո՞ւ համար։ Ես երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, ես ժամանում եմ այստեղ իմ երկրպագուների մոտ՝ հասարակությունում լարված մթնոլորտից մարդկանց շեղելու համար։ Միգուցե, իմ ստեղծագործությամբ ես փորձում եմ պահպանել այն թելը, որը դեռևս կապում է մարդկանց»,- ասել է երգիչը։
Կիրկորովը նշել է, որ մեծ հույսեր ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունները կմնան անցյալում և երկրների միջև հարաբերությունները կրկին կլինեն եղբայրական և բարիդրացիական։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ միայն հպարտ կլինի, եթե հայտնվի Կիևի «սև ցուցակում»՝ մանկական մրցույթին մասնակցելու համար։












