Արմեն Ջիգարխանյանը խոստովանել է, որ մինչ օրս սիրում է Լյուդմիլա Գուրչենկոյին
Համարվում է, որ Արմեն Ջիգարխանյանը բոլորից հաճախ է նկարահանվել խորհրդային կինոյում։ Նրա կենսագրությունում նշվում է ավելի քան 200 ֆիլմ։ Նկարահանումների ժամանակ դերասանի գործընկերներն են եղել այն ժամանակվա գրեթե բոլոր հայտնիները՝ Տատյանա Դորոնինա, Նատալյա Գունդարևա, Միխայիլ Բոյարսկի, Վլադիմիր Վիսոցկի...
Ջիգարխանյանը տարբեր զգացողություններով է հիշում այդ բոլոր հանդիպումների մասին։ Սակայն նրանցից մեկը նրա համար առանձնահատուկ է, գրում է segodnya.ua-ն։
1960-ականների վերջին դերասանը ծանոթացել է Լյուդմիլա Գուրչենկոյի հետ։ Նրանց միավորել է երկարամյա ընկերությունը, որը կարող էր վերաճել մեկ այլ բանի։
«Գրեթե մեկ ամիս մենք անցկացրել ենք Պրիելբրուսյեում՝ «Սպիտակ պայթյուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հետագայում ես նրան տարբեր դերերում եմ տեսել, և կարող եմ ասել, որ ավելի հետաքրքիր և հակասական կին իմ կյանքում ես, հավանաբար, չեմ տեսել։ Ե՛վ մասնագիտության մեջ, և՛ անձնական փոխհարաբերություններում։ Գիտեք, ինչպես ասում են՝ անվերջ կարելի է նայել կրակին և ջրին։ Այդ ցուցակում ես կավելացնեի նաև Լյուսյային։ Նրան հետևելը միշտ էլ հետաքրքիր և գրավիչ է եղել»,- ասել է Ջիգարխանյանը։
1973-ին Գուրչենկոն և Ջիգարխանյանը նկարահանվել են «Հին պատեր» ֆիլմում։ Դերասանը հիշում է, որ Գուրչենկոյի համար դա շատ կարևոր ֆիլմ էր, քանի որ երկար տարիներ անց առաջին անգամ նա լուրջ դրամատիկ դեր էր կատարում։
«Մենք նրա հետ կատարում էինք արդեն ոչ երիտասարդ զույգի դեր, ովքեր սիրահարվել են։ Եվ երբ ես նրան գրկում էի, համբուրում էի տեսախցիկի առաջ, այնպիսի զգացողություն էր, որ այդ պահին դա անհրաժեշտ է ոչ միայն Աննա Սմիրնովային, ում դերը նա կատարում էր, այլև հենց Լյուսյային։ Այո, դա ճիշտ է, երբ մենք կիրք էին պատկերում, այնպիսի զգացողություն էր, որ մենք երկուսս էլ ցանկանում ենք դա»,- պատմել է Ջիգարխանյանը։
Դերասանը նշել է, որ հասկանում է ամերիկացի դերասաններին, ովքեր սիրահարվում են և ամուսնանում նկարահանումների ժամանակ՝ զգացմունքներն իրական ապրելու համար։
Ջիգարխանյանը խոստովանել է, որ եթե իրենք լինեին Հոլիվուդում, ապա հաստատ կամուսնանային։
«Սակայն ոչ, մենք ապրում էինք այլ երկրում, մենք այդպես էլ մեզ ավելորդություն թույլ չտվեցինք։ Չհամարձակվեցինք գնալ մինչև վերջ։ Սակայն կարող եմ խոստովանել, որ մինչ այժմ սիրում եմ նրան։ Անկեղծ»,- խոստովանել է Ջիգարխանյանը։










