Հնագետներն առաջարկում են փրկել հնագույն հուշարձանները՝ լուսանկարչական սարքեր բաժանելով

13:54 • 29.08.15

Օքսֆորդի և Հարվարդի համալսարանների հնագետները մտադիր են ստերեոֆոտոխցիկներ բաժանել Մերձավոր Արևելքի այն երկրների բնակչությանը, որտեղ գործում են «Իսլամական պետություն» խմբավորման անդամներն ու ոչնչացնում հնագույն հուշարձանները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հազարավոր բնակիչներ այնպիսի լուսանկարչական ապարատներ կստանան, որոնցով կարող են անել ավերվող շենքերի և քանդակների եռաչափ պատկերներ: Դա թույլ կտա ապագայում այդ եռաչափ պատկերների հիման վրա ստեղծել պատճենները՝ ծավալային տպագրության մեթոդների կիրառմամբ։

 

Թվային լուսանկարչության ինստիտուտի առաջարկը նախատեսում է մինչև 5 հազար ֆոտոխցիկի բաժանում ողջ աշխարհի հակամարտության գոտիներում, ինչը թույլ կտա մինչև 2016 թվականի ավարտը ստանալ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող օբյեկտների մոտ 1 միլիոն պատկեր:

 

«Մենք չենք կարող այլևս սպասել: Մենք արագացրել ենք այդ նախագծի իրականացումն այն պատճառով, որ անընդհատ նոր ու նոր հուշարձաններ են ոչնչանում»,- հայտարարել է նախագծի տնօրեն Ռոջեր Միչելը։

 

Նախագծի մասնակիցները նոր էժան ստերեոխցիկ են մշակել, որը թույլ կտա չպատրաստված մարդկանց բարձր որակով պատկերներ անել և ավտոմատ կերպով ներբեռնել դրանք համացանց՝ տվյալների բազա։

 

Հնագետներն առաջարկում են փրկել հնագույն հուշարձանները՝ լուսանկարչական սարքեր բաժանելով