Գրող Ֆրեդերիկ Ֆորսայթը խոստովանել է, որ համագործակցել է բրիտանական հետախուզության հետ
Անգլիացի գրող Ֆրեդերիկ Ֆորսայթը խոստովանել է, որ 20 տարի աշխատել է MI6-ի՝ Բրիտանիայի գաղտնի ծառայության համար: Դա հայտնի է դարձել նրա The Outsider: My Life ինքնակենսագրական գրքից, գրում է lenta.ru-ն:
Նրա երկրպագուները վաղուց էին կասկածում, որ Ֆորսայթը, ով հայտնի է իր չափազանց իրատեսական լրտեսական վեպերով, հնարավոր է՝ կապված է բրիտանական հետախուզության հետ։
Իր հեղինակային կարիերայի արշալույսին Ֆորսայթը լրագրող է աշխատել BBC-ում, այնուհետև՝ Reuters գործակալությունում:
Ինչպես պատմել է գրողը, հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը սկսվել է, երբ նա որպես լրագրող լուսաբանել է Նիգերիայի զինված հակամարտությունը։
Ողջ աշխարհում վաճառվել է Ֆորսայթի գրքերի մոտ 70 միլիոն օրինակ, նրա շատ ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր:










