ԵՄ-ում բացատրել են, թե ինչպես է պատժամիջոցների ցանկում ներառված Կոբզոնն օրինական վիզա ստացել

16:15 • 31.08.15

Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը կարող է օրինական հիմքերով Եվրամիության երկրներից մեկի մուտքի թույլտվություն ստանալ՝ չնայած նրան, որ նա ներառված է արևմտյան պատժամիջոցների ցանկում և պաշտոնապես նրան արգելվում է ԵՄ մուտք գործել, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

ԵՄ պատժամիջոցների ռեժիմը նախատեսում է հնարավորություն, որ անդամ երկրները, մարդասիրական անհետաձգելի անհրաժեշտության նկատառումներով, առանձին դեպքերում բացառություններ անեն մուտքի արգելքի հարցում, Deutsche Welle-ին հայտնել են Գերմանիայի արտգործնախարարությունից։

 

Նշվում է, որ այդ դեպքում, մի պատժամիջոցից ազատվելը իրավունք չի տալիս ազատվել այլ պատժամիջոցներից:

 

ԵՄ անդամ երկիրը, որը ցանկանում է բացառություն անել, պետք է գրավոր հայտնի այդ մասին ԵՄ խորհրդին: Եթե նրանցից ոչ մեկ առարկություն չհայտնի համապատասխան ծանուցումը ստանալուց երկու օրվա ընթացքում, կարող է տրամադրվել նման բացառություն: Եթե Խորհրդի անդամներից գոնե մեկն անհամաձայնություն է հայտնում, ապա որոշումը կայացվում է քվեարկության ճանապարհով:

 

Ավելի վաղ Իոսիֆ Կոբզոնը հայտնել էր, որ կկարողանա շարունակել Եվրոպայում բուժումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնության շնորհիվ: «Ես շնորհակալ եմ Պուտինին: Նրա միջամտության շնորհիվ ինձ տվեցին բժշկական վիզա»,- հայտարարել էր Կոբզոնը։

 

 

ԵՄ-ում բացատրել են, թե ինչպես է պատժամիջոցների ցանկում ներառված Կոբզոնն օրինական վիզա ստացել