Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում համերգով հանդես կգա Երևանում
«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մշակութային-քաղաքական համերգ:
Կայանալիք համերգի կապակցությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի մասնակցությամբ:
Մեծարգո դիրիժորի պատմական այցը Հայաստան իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության նախագահ ՝Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել հինգ աշխարհամասերի լավագույն բեմերում ՝ հանդիսանալով աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր», ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը… Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է,միաժամանակ հանդիսանալով Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի ։ 2011թ․-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։
Նվագախումբը լավագույններից է , որը շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար մշակութային բեմերը հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոներում:










