Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին՝ նրանց տեղավորելով լքված բնակավայրերում

13:38 • 02.09.15

Լուսանկարը՝ culbyt.com-ի

 

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին։ Այս հայտարարությունն 91-ամյա երգիչն արել է Agence France-Presse-ին տված հարցազրույցում։

 

«Ես իսկապես տառապում եմ, երբ տեսնում եմ այդ մարդկանց ամբոխները, ովքեր թափառում են երեխաների հետ... Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ունեցել նման ճակատագիր, սակայն վստահ եմ, որ նման բանի միջով անցել են իմ ներգաղթյալ ծնողները»,- ասել է Հայոց ցեղասպանության պատճառով հայրենիքը լքած հայերի ժառանգը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ազնավուրը նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել նրանց վիճակը։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է նախկինում հնչեցրած իր իսկ գաղափարը, որը կապված է Ֆրանսիայի հեռավոր գյուղերում և քաղաքներում ներգաղթյալներին տեղավորելու հետ, վայրեր, որոնք գրեթե լքված են տեղաբնակների կողմից։

 

«Այդպիսով՝ այդ բնակավայրերում նոր ուժ կհայտնվի՝ ամենատարբեր մասնագիտության տեր մարդկանց միջոցով։ Այդ ներգաղթյալների շրջանում կան տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ։ Այդ ամենը թույլ կտա այդ վայրերում կրկին բացել դպրոցներ, փոստային բաժանմունքներ»,- ասել է Ազնավուրը։

 

Նրա խոսքով, եթե նման նախագիծն իրականացվի, Ֆրանսիային կմատնանշեն որպես «օրինակելի երկրի»։

 

«Ես լիովին համոզված եմ, որ հենց այդպես էլ պետք է վարվել»,- ասել է շանսոնյեն։

 

Նա չի բացառել, որ կմասնակցի մի շարք երգիչների և կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը՝ այնպես, ինչպես եղավ 1989-ին, երբ նման երգ գրվեց երկրաշարժից տուժած Հայաստանի աջակցության ծրագրի շրջանակում։

 

Շառլ Ազնավուրը կոչ է արել օգնել Եվրոպա ժամանող ներգաղթյալներին՝ նրանց տեղավորելով լքված բնակավայրերում