Թուրքիայում նկարահանվել է «հայերի տեղահանության» մասին առաջին լիամետրաժ ֆիլմը
1915 թվականին տեղի ունեցած «հայերի տեղահանությունը» մեկ դար անց երկու փոքր երեխաների աչքերով ներկայացվելու է մեծ էկրանին։
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, «Կորած թռչուններ» ֆիլմի նկարահանմանն աջակցել է Մշակույթի նախարարության ֆիլմերի բաժինը։ Ռեժիսորն ու սցենարիստն Արեն Փերդեջին ու Էլա Ալյաշաչն են։
Սա լինելու է «հայերի տեղահանության» մասին պատմող առաջին լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է Թուրքիայում։
Ֆիլմը պատմում է Անատոլիայի հայկական գյուղերից մեկում ունևոր ընտանիքի զավակներ եղած Պետո և Մարիամ քույր-եղբոր մասին, որոնք մեկ գիշերում կորցրել են իրենց ընտանիքն ու փորձում են գտնել այն։
Անտառում գտած փոքրիկ կապույտ թռչնին խնամելու համար գաղտնի տնից դուրս եկած և ապա վերադարձած Պետոն ու Մարիամը վերադառնալով տեսնում են, որ իրենց բնակավայրն «ուրվականի» է վերածվել և ստիպված են լինում պայքարել դժվարությունների դեմ։
«Կորած թռչուններ» ֆիլմի նկարահանումներին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչ դերասաններ։
Ֆիլմը հանդիսատեսի դատին է ներկայացվելու հոկտեմբերի 30-ին։ Սակայն անցյալ շաբաթ հատուկ ցուցադրություն է կազմակերպվել Հաթայ նահանգում՝ հայկական վերջին գյուղը համարվող Վաքըֆլը գյուղում։










