«Լիտոպեդիա»-ն հասցեագրված է հայերեն ընթերցող յուրաքանչյուր մարդու և կրթական գործառույթներ ունի. Աշոտ Գաբրիելյան

12:35 • 03.09.15

Չորս տարուց ի վեր համացանցում գործում է հայկական «Լիտոպեդիա»–ն` որպես հայ գրականության, գրականության տեսության, արտսահմանյան գրականության և այլ բաժիններում հայերեն և հայատառ տեղեկույթ: Tert.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Աշոտ Գաբրիելյանը ներկայացնում է, թե ինչու ստեղծեց այն, ովքեր են այցելում:


- Դուք նախաձեռնել եք «Լիտոպեդիա» ձեռնարկը, ո՞ւմ  համար  է «Լիտոպեդիա»–ն` ուսանողնե՞րի, դպրոցականների՞ և` ինչո՞ւ: Այսինքն` կրթական ինչ-որ բաց լրացնելու խնդիր ունեցե՞լ եք այդ ձեռնարկը կյանքի կոչելուց առաջ:
 

- «Լիտոպեդիա»-ն հասցեագրված է հայերեն ընթերցող յուրաքանչյուր մարդու, սակայն, ունենալով մասնագիտական ուղղվածություն, այն նաև կրթական գործառույթներ է իրականացնում: «Լիտոպեդիա»-ի էջերի դիտումների վիճակագրությունը նայելիս հստակ պատկերացում եմ կազմում, թե տվյալ ժամանակամիջոցում «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաներից ինչ է դասավանդվում մեր դպրոցներում, նույնը` բանասիրական ֆակուլտետներ ունեցող համալսարաններում: Սակայն ասել, որ «Լիտոպեդիա»-ն շարժվում է հանրակրթական դպրոցի և բուհերի ծրագրով, նշանակում է խիստ սահմանափակել կայքի անելիքները: «Լիտոպեդիա»-ում տեղ է գտել ու գտնում է բանասիրությանը վերաբերվող ցանկացած տեղեկույթ: Հանրագիտարանային բնույթի տեղեկություններից զատ` կայքում տեղադրվում են նաև հեղինակների բնագրերը և թարգմանությունները:

-Ինչքանո՞վ է այն օգտակար դարձել, ունե՞ք ինչ-որ դիտարկումներ` ինչքա՞ն են օգտվում, ովքե՞ր, ինչ նպատակով:
 

- Օգտակարությունը պարզ երևում է դիտումների քանակից: Կայքն օրական ունի 1500-2000 այցելություն, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ, մանավանդ որ` նյութերի ավելացման հետ մեկտեղ այդ թիվը աճում է, իսկ այս շտեմարանն անսպառ ծավալվելու հնարավորություն ունի, որովհետև ոլորտին վերաբերվող տեղեկույթն անսպառ է:
 

-Ահռելի աշխատանք  եք  կատարել` ստեղծելով  հայ գրականություն, գրականության տեսություն, գրականության պատմություն, գրաքննադություն, արտասահմանյան գրականություն  և այլ բաժինները: Հաշվի առնելով, որ հայ գրականության էլեկտրոնային արխիվ չկա, կամ գրեթե չկա, տեխնիկապես ի՞նչ ձևով , մեթոդաբանությամբ եք այդ հարյուրավոր էջանոց տեքստերը տեղադրում համացանցում:

 

- Ասել թե` հայ գրականության էլեկտրոնային արխիվներ չկան, սխալ կլինի: Այս բնագավառում կան ավելի մեծածավալ արխիվ ունեցող կայքեր: «Լիտոպեդիա»-ի առանձնահատկությունն այն է, որ հատուկ ուշադրություն է դարձնում հասարակության պահանջին, թեպետ մինչև վերջ չի ենթարկվում դրան, այլ փորձում է նաև գրական ճաշակ ձևավորել: Գրականագիտության, լեզվաբանության մեջ, ինչպես և ամեն գիտության մեջ, օր-օրի նոր հասկացություններ են ի հայտ գալիս. «Լիտոպեդիա»-ն փորձում է հինն ու նորը համախմբել մի տարածքում: Բացի այդ` «Լիտոպեդիա»-ն չի սահմանափակվում միայն հայ գրականությամբ ու բանասիրությամբ: Մեր ուշադրության կենտրոնում են  նաև այս ոլորտի համաշխարհային զարգացումները: Նյութերը տեղադրելու հատուկ սկզբունք չկա. միայն մտածում ենք, որ նյութերը տեղադրելուց հետո համակարգված լինեն համապատասխան բաժիններում: Երբեմն ցանկալի է լինում կենսագրականներ տեղադրելը, երբեմն գրականագիտական տերմինների մասին, երբեմն պարզապես բնագրեր: Իմ առօրյա աշխատանքն էլ սերտորեն կապված է գրականության հետ. երբեմն մի աշխատանքը ծառայեցնում եմ մյուսին:
 

- Այդ աշխատանքը մենակ ե՞ք անում, թե կան գաղափարակիցներ:

 

- Նյութերի թվայնացումը, խմբագրումն ու տեղադրումը կատարում եմ միայնակ: Այս աշխատանքի մեջ երբեմն ինձ օգնել է Արմեն Բադալյանը: Եղել են պահեր, որ հիասթափվել եմ ու չեմ ցանկացել այլևս աշխատանքը շարունակել, սակայն ինձ մշտապես օգնության են հասել «Գրանիշ»-ի և «Վիքիպեդիա»-ի իմ ընկերները, որոնց համար իրոք շատ կարևոր է այս կայքի գոյությունը:
 

- Նաև նկատի առնենք, որ google–ի որոնման համակարգը հայերենով այնքան էլ զարգացած չէ, այդ դեպքում` Ձեր ձեռնարկի արդյունավետությունը:
 

- Այդ մասին չեմ մտածել: Սակայն մի բան պարզ է. զարգացած չէ, որովհետև համապատասխան հայերեն նյութ չկա, իսկ եթե չկա, ապա առաջին հերթին պետք է այդ նյութը ապահովել: Ուրախալի է, որ վերջին տարիներին համացանցի հայկական տիրույթն ակտիվորեն ընդլայնվում է:

 

«Լիտոպեդիա»-ն հասցեագրված է հայերեն ընթերցող յուրաքանչյուր մարդու և կրթական գործառույթներ ունի. Աշոտ Գաբրիելյան