«Հանուն»-ը մեծացնում է պայքարի արժեքը, «Ընդդեմ»-ը փոքր է. հեղինակային երգի կատարող

14:55 • 05.09.15

www.qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է զինվորական սպա, հնէաբան, հեղինակային երգի կատարող Արմինե Հայրապետյանը:

 


-Տիկին Արմինե, դուք ընդգրկված եք մասնագիտական տարբեր ոլորտներում, կա՞ արդյոք ընդհանրություն այդ ոլորտների մեջ:



Դժվարանում եմ տարանջատել իմ կյանքի ոլորտները միմյանցից, որոնք միայն առաջին հայացքից են տարբեր, սակայն մեկ սկզբունքի վրա են կառուցված: Ոչ վաղ անցյալում եմ դարձել զինվորական: Սակայն հասկացել եմ, որ ամբողջ իմ կյանքն է ծառայություն եղել: Ծառայություն Հայրենիքին, իմ ընտանիքին, ժողովրդին, առանձին մարդուն, հանուն մարդկության: Յուրաքանչյուր մարդու կյանք պետք է լինի ծառայություն` անկախ իր աշխատանքի բնույթից՝ ցանկացած վայրում ցանկացած պահի:


-Դուք հնէաբան եք և գործ ունեք հողի հետ, ի՞նչ է այն Ձեզ համար:


-Հողն ինձ իրոք հանգստացնում է: Հողն իմ մեջ խաղաղություն է առաջացնում: Դա այն է, ինչից ես ստեղծված եմ:  Երբ խնդիր եմ ունենում, ինձ լավ չեմ զգում, բավական է, որ կես ժամ հողի հետ զբաղվեմ, աշխատեմ հողի հետ: Ես հիմա և պեղում եմ հողը և ծառ եմ մշակում, լուրջ այգեգործ դառնալու մեծ ցանկություն ունեմ:


-Ինչպե՞ս սիրել թշնամուն:


-Մենք մեծ բան չենք անում՝ սիրելով մեր ընտանիքը և շրջապատը: Իսկ փորձե՞լ եք սիրել մեկին, ով կանոնավոր կերպով Ձեզ վատաբանում է, հարվածում է: Անհնարին է թվում: Սակայն պետք է նրան հասկանալ, չարանալ պետք չէ, այլ պետք է հասկանալ, որ դեռ թերի ես, անելիք ունես, դեռ պետք է ուժեղ դառնաս: Եթե քեզ անընդհատ հարվածում են, և ամեն հարվածից հետո ջանք չես գործադրում ուժեղանալ, նշանակում է՝ դու դեռ պետք է այնքան հարվածներ ստանաս, որ ուժեղանաս: Ստացվում է, որ հակառակորդդ, թշնամիդ, անում է ամեն ինչ, որ դու ավելի ուժեղ, լավ և լուսավոր մարդ դառնաս: Յուրաքանչյուր հարվածից, դժվարությունից հետո շնորհակալություն եմ հայտնում, որովհետև ավելի եմ ուժեղանում:


-Եթե կորուստ եք ունենքում, ինչպե՞ս եք այն հաղթահարում:


-2008թ. մեծ կորուստ ունեցա: Կորցրեցի 31-ամյա ամուսնուս՝ Արշակին ռազմավարժությունների ընթացքում: Ռազմական օդաչու և սպա էր՝ կապիտան: Սիրում էր իր գործը, հայրենիքը, երկինքը: Ասում էր՝ չեմ պատկերացնում մեկ օր, որ չթռչեմ: Եվ չեղավ այդպիսի օր: Օդաչուները չեն մահանում: Նրանք հավերժական թռիչքի են մեկնում: Հոգին անմահ է: Երկու որդիներիս բացատրում եմ, որ հայրիկը գնացել է այլ առաքելություն կատարելու: Բացատրում եմ, որ այն լուսավոր արարածները, որոնք հեռացել են մեզանից, միայն մերը չեն: Նրանք էլ ավելի կարևոր առաքելություն ունեն: Հարազատ կորցրած մարդուն հաճախ դժվար է բացատրել, թե Աստված կա, սակայն պետք է հասկանալ, որ չարի և բարու կատաղի պայքարում Նրան էլ պետք են ասպետներ, զինվորներ, ուժեղ հոգիներ՝ բարու պաշտպանության համար:


-Ո՞րն է Ձեր պայքարի բովանդակությունը:


-Յուրաքանչյուր մարդու կյանքի նպատակը պետք է լինի պայքարել հանուն լույսի: Դա չպետք է լինի ընդդեմ: Եկեք պայքարենք հանուն: Այդ «հանուն»-ը մեծացնում է  պայքարի արժեքը, նպատակը: «Ընդդեմ»-ը փոքր է և բացասական: Մենք պայքարում ենք հանուն ընտանիքի, հանուն սիրո, հանուն վաղվա օրվա, հանուն լավ ապագայի:

«Հանուն»-ը մեծացնում է պայքարի արժեքը, «Ընդդեմ»-ը փոքր է. հեղինակային երգի կատարող