Սիրիայի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնումը կարժենա միլիարդավոր դոլարներ
Զինված հակամարտության ընթացքում քանդված և վնասված, ինչպես նաև իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողություններից տուժած Սիրիայի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնումը կարժենա միլիարդավոր դոլարներ, հայտնել է Սիրիայի թանգարանների և հնությունների վարչության գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը։
«Վերականգնման աշխատանքները, որոնք մենք կանենք հեռանկարում, կարժենան միլիարդավոր դոլարներ։ Ավելի ստույգ գումար նշել այժմ դժվար է, քանի որ յուրաքանչյուր օբյեկտ ունի վերականգնման իր նախագիծը»,- ասել է նա։
Ընդ որում՝ Աբդուլքարիմը հայտնել է, որ նման աշխատանքներ սկսելու մասին խոսելը դեռ վաղ է։
«Մենք հիմա ավելի շատ մտածում ենք ոչ թե վերականգնման, այլ այն մասին՝ ինչպես դադարեցնել ոչնչացումները»,- նշել է Աբդուլքարիմը։
Միևնույն ժամանակ նա խոստացել է, որ բոլոր օբյեկտները, որոնք հնարավոր է վերականգնել, անպայման կվերականգնվեն։ Դա վերաբերում է նաև Պալմիրային, որը վերջին շրջանում շատ է տուժել «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններից, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք այն իսկապես վերականգնելու ենք»,- վստահեցրել է Աբդուլքարիմը։
Խոսելով առավել թանկարժեք մշակութային օբյեկտների մասին ՝ նա նշել է, որ դրանց մի մասը դեռևս սպառնալիքի տակ է։










