90-ամյա ռուս պահակը դպրոցը վերածել է «պատկերասրահի» (լուսանկարներ)
Իննսունամյա Վալերի Խրամովը, ով մասնագիտությամբ արվեստի ուսուցիչ է, թոշակի անցնելուց հետո դպրոցում աշխատում է որպես պահակ: Սակայն թոշակի անցնելով ու աշխատանքը փոխելով` ծերունին ամենևին էլ չի բաժանվել արվեստից:
Ինչպես նշում է Oddity Central-ը, ամառային արձակուրդների ժամանակ տարեց պահակը նկարազարդել է դպրոցի պատերը` ձանձրալի շենքը վերածելով յուրօրինակ «պատկերասրահի»: Հետաքրքրական է, որ հսկայական աշխատանքը Խրամովն արել է միայնակ:
Նա եռահարկ դպրոցի ամեն մի հարկում թեմատիկ նկարազարդումներ է արել: Առաջին հարկը նվիրված է տարվա եղանակներին, բնության պահպանմանը, ինչպես նաև մարդ-բնություն կարևոր փոխհարաբերությանը: Երկրորդ հարկի նկարազարդումների թեման աշխարհագրությունն է, իսկ 3-րդ հարկում պատկերված են աշխարհի ամենահայտնի հուշարձաններն ու շինությունները:
«Ես ուզոմ էի, որ նոր ուսումնական տարին սկսվեր արվեստով լի միջավայրում, որի շնորհիվ դպրոցն ավելի գրավիչ ու հետաքրքիր կդառնար աշակերտների համար»,-պատմել է ծերունին:

















