Իրանցի նկարչուհուն կդատեն՝ տղամարդու ձեռք սեղմելու համար
Իրանցի ծաղրանկարչուհի Աթենա Ֆարղադանին կարող է ազատազրկման ժամկետ ստանալ իր փաստաբան Մոհամմադ Մողիմի ձեռքը սեղմելու համար, գրում է The Independent-ը։
Աղբյուրը նշում է, որ պատկան մարմիններն այդ ժեստը որակել են որպես անառակություն և անպարկեշտություն։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նաև նրա փաստաբանին։
Համաձայն Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ 29-ամյա Ֆարղադանին արդեն բանտում է՝ իրանցի պաշտոնյաների ծաղրանկարների համար, որոնց նա պատկերել է երգիծական մուլտֆիլմից հայտնի այծերի և ոչխարների տեսքով։
Դրա համար ընթացիկ տարվա սկզբին նկարչուհին դատապարտվել է 12 տարի 9 ամիս ազատազրկման։ Ավելի ուշ ավելացել են «ազգային անվտանգության դեմ դավադրության», «համակարգի դեմ քարոզի» և «արվեստի միջոցով խորհրդարանի անդամներին վիրավորելու» մեղադրանքները։
Այժմ Ֆարղադանիին նոր դատ է սպասվում։










