«Արմնյուզ»-ը և «Պան Արմենիան Թի Վի»-ն սեպտեմբերի 14-ից կներկայացնեն նոր նախագծեր (տեսանյութեր)
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը սկսում է իր նոր եթերաշրջանը. հեռուստադիտողի դատին կհանձնվի 3 նոր նախագիծ՝ «Մաֆիայի խոհանոցը», «Ուշ երեկոյան Արա Ղազարյանի հետ» և նոր ֆորմատով «Առաջին ծրագիր»։
«Մաֆիայի խոհանոցը»
Բոլորին հետաքրքրող հարցերից է, թե ինչ են ուտում մաֆիայի անդամները: Այս հարցի պատասխանը կտրվի «Արմնյուզի» եթերում՝ «Մաֆիայի խոհանոցը» հաղորդաշարի ընթացքում:
Հետաքրքրաշարժ սիցիլիական պատմություններ ամենաիրական մաֆիոզների մասին՝ համեմված իտալական նրբաճաշակ խոհանոցի գաղտնիքների բացահայտմամբ. յուրաքանչյուր շաբաթ օր այս ամենը հեռուստադիտողին կներկայացնի իտալացի հաղորդավար Դավիդ Քուադերնոն:
«Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ հաղորդման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հաղորդման հեղինակ և վարող իտալացի Դավիդ Քուադերնոն նկարահանման ընթացքում պատմում է սահմռկեցուցիչ պատմություններ սարսափազդու երաժշտության ներքո և այդ ամենին զուգահեռ պատրաստում է իտալական ախորժելի ուտեստներ։
«Ուշ երեկոյան Արա Ղազարյանի հետ»
Երկուշաբթիից հինգշաբթի երեկոյան ժամը 22։30-ից սկսած ուղիղ եթերում կլինի «Ուշ երեկոյան Արա Ղազարյանի հետ» ժամանցային շոուն. «Արմնյուզ» հեռուստաընկերությունն առաջարկում է ամենադրական այլընտրանքային տարբերակը երեկոյան հանգիստը կազմակերպելու համար՝ շոու ուղիղ եթերում, որը համեմված կլինի երաժշտական բենդի կատարումներով, ճանաչված հյուրերի ներկայությամբ, հարցազրույցներով ու ամենակարևորը՝ ֆիզիկական և գիտաակտիվ խաղերով։
Tert.am-ի հետ զրույցում «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Քեշիշյանն ասաց, որ հաղորդումը կցուցադրվի նաև ԱՄՆ-ում՝ Pan Armenian TV-ով։
«Առաջին ծրագիր»
Ամեն աշխատանքային առավոտ ուղիղ եթերում հեռուստադիտողներին բարի լույս կմաղթի «Առաջին ծրագիր»-ը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց հաղորդավարուհի Մարինա Գրեգը։
Վերջինս և Նունե Այլանջյանը կխոսեն այն ամենի մասին, ինչը հիմա հետաքրքիր է երիտասարդներին և հաղորդման վերջում կամփոփեն նախորդ օրվա «Երեկոյան Երևան» հաղորդումը։
Պատրաստեց Լենա Մինասյանը










