ԻՊ-ը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս Պալմիրայի 2000-ամյա տաճարի ոչնչացումը (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է նոր ցնցող լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի 2000-ամյա տաճարի ոչնչացումը, գրում է The Daily Mail-ը։
Կանգուն է մնում հնագույն Բելի տաճարի միայն մեկ կամար։ Հիշեցնենք, որ ահաբեկիչներն օրերս տաճարը լցրել էին պայթուցիկներով և հավասարեցրել հողին։
Ահաբեկչական խմբավորման անգլալեզու «Դաբիք» թերթում հրապարակված լուսանկարներն առաջինն են, որ ցույց են տալիս ոչնչացման հետևանքները։
ԻՊ-ը, որն արդեն մի քանի հնագույն քաղաքներ է ոչնչացրել հարևան Իրաքում, գրավել է սիրիական քաղաքը մայիսին և անցած ամիս մահապատժի ենթարկել ավելի քան 50 տարի Պալմիրայում հնագույն իրերի բաժնի ղեկավար աշխատած 82-ամյա հնագետ Խալեդ Ասաադին։
Ահաբեկիչներն այնուհետ ոչնչացրել են համալիրում գտնվող Բաալշամինի տաճարը և այնուհետև օրեր անց՝ օգոստոսի վերջին, պայթեցրել Բելի տաճարը։
Ողջ Պալմիրան 1980 թվականից ի վեր եղել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:


















