Պատրիկ Ֆիորին կերգի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

17:34 • 11.09.15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 17-19-ը կանցկացվի  «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոն, որի շրջանակներում տեղի կունենան Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ։ Փառատոնի նպատակն է սերտացնել Արցախի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական կապերը և ընդլայնել երկխոսությունն ու համագործակցության ոլորտները։

Այս մասին հայտում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։



Փառատոնի շրջանակներում Արցախ կժամանեն «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի, Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիայի քաղաքների,  «Սատար Ղարաբաղին» միության և Ֆրանսիայի հայկական համայնքի մոտ 200 ներկայացուցիչներ, ինչպես նաև արվեստագետներ ու լրագրողներ։  


«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի ծրագրում ընդգրկված են Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում «Հավերժություն» քանդակի (հեղինակ Թորոս) հանդիսավոր բացման և «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում, արցախյան և ֆրանսիական խոհանոցների ներկայացում, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի բացման արարողություն Շուշիում, ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթ Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան պուրակում։ 

Փառատոնը կավարտվի սեպտեմբերի 19-ին ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի համերգով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։


 

Պատրիկ Ֆիորին կերգի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում