Սեպտեմբերի 17-19-ը` «ջազատարափ Երևանում». միջազգային ջազ փառատոն, որը կլուսաբանի «Մեցցո TV-ին»
Սեպտեմբերի 17, 18, 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ջազատարափ Երևանում» կարգախոսով կանցկացվի՝ «Yerevan Jazz Fest 2015» փառատոնը, որը Հայաստանի պարագայում առաջին անգամ կլուսաբանվի «Մեցցո TV»-ի կողմից:
Միջազգային փառատոնի կազմակերպիչներն են` Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնած «Մեցցո Պրոդաքշն» ընկերության տնօրեն Անի Սաղոյանը ներկայացեց, թե ինչու է հղացել ջազի սիրահարների համար ջազային տոն կազմակերպելու գաղափարը: «Ջազ փառատոնը ջազի հայաստանյան, սիրահարների համար է կազմակերպվում` 9 տարվա դադարից հետո, սակայն միջազգային մասշտաբի նման նախագիծ Հայաստանում դեռ չի եղել: Պահանջարկը շատ շատ է»,- ասաց փառատոնի համակազմակերպիչը:
Փառատոնում ներկայացված է լինելու 6 երկիր, որոնց թվում ելույթներով հանդես կգան ջազային աշխարհահռչակ երաժիշտներ:
«Գլխավոր մասնակիցը` Ռիչարդ Բոնան` իր խմբով հանդես կգա սեպտեմբերի 18-ին: Փառատոնի բացման առաջին օրը հանդես կգան հայ երաժիշտները. Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը, Արցախի ջազ նվագախումբը, երկրորդ մասում` Սերգեյ Մանուկյանը` Մոսկվայից, Արթուր Սաթյանը` Լիբանանից, Լորեն Ռոբինը` Ֆրանսիայից, Սերգեյ Մանուկյանը՝ Ռուսաստանից, Նինո Կատամաձեն»,- ներկայացրեց Անի Սաղոյանը:
Իսկ սեպտեմբերի 19-ին հանդես են գալու Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար` Արմեն Հյուսնունց), ինչպես նաև` Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը (ԱՄՆ) և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա), որի բենդի կազմում Հայաստան են ժամանելու Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:
Անի Սաղոյանը նշեց, որ ծրագիրը խիստ տարբեր է լինելու: Հյուբերտ Թաբը ավելի շատ ներկայանալու է «սոուլ» ոճով:
Մրցանակաբաշխություն այս միջազգային փառատոնում նախատեսված չէ, ի տարբերություն ապրիլին մեկնարկող «Ջունիոր Ջազ ֆեստ»-ի, որը տարիքով ավելի երիտասարդ ու սկսնակ երաժիշտների մասնակցությամբ է անցկացվելու և միտված է երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը:
Նշենք, որ սա Հայաստանում առաջին փառատոնն է , որը լուսաբանվելու է «Մեցցո TV»-ի կողմից:










