Բնական է, որ հիմա ՆԱՏՕ-ն առավել շատ ուշադրություն պետք է դարձնի Թուրքիային. թուրքագետ
Առաջիկա օրերին Թուրքիայում սպասվող ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբերի ներկայացուցիչների հանդիպումը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը բնական է համարում, չնայած նրան, որ թուրքական իշխանությունները այսօր վարում են հակաքրդական քաղաքականություն:
«Սրանք նոր դեպքեր չեն, 1990-ականներին Թուրքիայում քրդական գյուղեր էին վառում, քաղաքներ էին տարհանվում, շատ ավելի սուր իրավիճակ էր ուղղակի ներկայումս այս ամենին ավելանում է տարածաշրջանային գործոնը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ էր ՆԱՏՕ-ի որոշումը՝ հենց այստեղ հրավիրել հանդիպումը:
Նա նշեց, որ արդեն հայտնի է՝ հանդիպմանը շեշտը դրվելու է Մերձավոր արևելքի ու Եվրոպայում ստեղծված իրավիճակի վրա:
«Բնական երևույթ է, ՆԱՏՕ-ն առավել շատ ուշադրություն պետք է դարձնի Թուրքիայի նկատմամբ, հանդիպումներ կազմակերպի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, որի ներսում բավական լուրջ իրավիճակ է ստեղծվել, իսկ սահմանների մոտ առկա է նաև Մերձավոր Արևելքից բխող իրավիճակը: Անսպասելի ոչինչ չկա»,-ասաց նա:
Թուրքագետն ընդգծեց, որ հանդիպումից հետո առանձնապես փոփոխությունների սպասել պետք չէ: «ՆԱՏՕ-ն ու Թուրքիան հստակեցնելու են իրենց անելիքները, համագործակցության եզրեր են փնտրելու: Ի վերջո, Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևորագույն գործոն է, ուստի լրիվ նորմալ է, որ ՆԱՏՕ-ն ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնած Թուրքիային ավելի մեծ ուշադրություն է դարձնում»,-ասաց նա:










