Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Անվերջության ժապավեն» հուշարձանը կվերականգնվի
Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Անվերջության ժապավեն» հուշարձանը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հանձնարարության կվերականգնվի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից:
Նշենք, որ հուշարձանի ներկայիս վիճակի մասին վերջերս մարզպետին բաց նամակ էր հղել երգչուհի Էմմին, ում հայրն էլ՝ Դավիթ Բեջանյանը, հենց հուշարձանի հեղինակն է:
Համաձայն մարզպետարանի հաղորդագրության, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հանդիպում է ունեցել երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի տիկնոջ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ:
Նադեժդա Սարգսյանի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ՝ հուշարձանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի էսքիզներով վերականգնելու ուղղությամբ:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մարզպետարանի համապատասխան վարչությանը հանձնարարել է հանգամանորեն վերլուծել Նադեժդա Սարգսյանի կողմից արված առաջարկությունները և ներկայացնել համապատասխան եզրակացություններ Կոտայքի մարզում տեղադրված «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ:
Նշենք, որ հուշարձանը տեղադրվել է դեռևս 1970-ական թվականներին ու նվիրված է ճանապարհաշինարարներին: Այժմ այն գտնվում է կիսաքանդված վիճակում, հուշարձանի մետաղական հատվածները տարիների ընթացքում գողացվել են:










