Ջենիս Ջոփլինի Porsche 356 մեքենան Նյու Յորքում աճուրդի կհանվի

16:24 • 15.09.15

Ամերիկացի երգչուհի Ջենիս Ջոփլինին պատկանած հայտնի Porsche 356 մեքենան դեկտեմբերի 10-ին աճուրդի է դրվելու Նյու Յորքի Sotheby's աճուրդի տան կողմից։

 

Ջոփլինը սպիտակ Porsche-ն գնել է 1968 թվականին, ինչից հետո որոշել է, որ սպիտակը չափազանց ձանձրալի է իր համար և խնդրել է ընկերոջը «խզբզել» մեքենայի վրա: Արդյունքում՝ այն գունավոր է դարձել. հայտնվել են թիթեռնիկներ, մեդուզա, երգչուհու և նրա Big Brother and the Holding Company խմբի դիմանկարը։

 

«Ջենիսն ամեն տեղ երթևեկել է իր մեքենայով՝ Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես: Ամենուր, որտեղ լինում էր երգչուհին, երկրպագուներն անմիջապես նկատում էին նրան: Ամեն անգամ, երբ նա կայանում էր մեքենան, վերադառնալիս առնվազն մեկ գրություն էր գտնում երկրպագուներից»,- պատմել է երգչուհու կենսագիրը՝ նրա քույր Լորա Ջոփլինը։

 

Երգչուհու մահվանից հետո մեքենայի ղեկին նստել է նրա մենեջերը: 1990-ականների սկզբին մեքենան վերանորոգել էին, իսկ 1995 թվականին այն դարձել էր ռոքնռոլի թանգարանի նմուշներից մեկը:

 

Վերջերս Ջոփլինի ընտանիքը որոշել է վաճառել մեքենան։

 

Ջենիս Ջոփլինը մահացել է 1970 թվականի հոկտեմբերի 4-ին՝ 27 տարեկանում՝ թմրանյութերի չարաշահումից։
 

Ջենիս Ջոփլինի Porsche 356 մեքենան Նյու Յորքում աճուրդի կհանվի