Օֆելյա Համբարձումյանի մասին պատմող «Օֆելյա» ֆիլմը շուտով կհանձնվի երկրպագուների դատին
Ռեժիսոր Հայկ Վարդանյանի՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին «Օֆելյա» վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Tert.am-ի հետ զրույցում ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները սկսել են 2013թ-ից ու ավարտվել վերջերս:
«Ֆիլմը նկարվել է միմիայն սեփական միջոցների հաշվին, իմ ընտանիքի ու ընկերների օգնությամբ, հովանավորչություն չեմ ունեցել: Երեք տարի առաջ ուսումնասիրելով Օֆելյա Համբարձումյանի արխիվները՝ նկատեցի, որ որևէ ամբողջական ֆիլմ երգչուհու մասին չկա: Դրա համար որոշեցինք ստեղծել լիարժեք ֆիլմ, որը կբացահայտի Օֆելյա Համբարձումյան երևույթը և նրա մարդկային տեսակը»,-ասաց ռեժիսորը:
Պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց ֆիլմ նկարահանել հենց Օֆելյա Համբարձումյանի մասին, Հայկ Վարդանյանն ասաց, որ իր ընտանիքում մշտապես հնչել է հայկական ժողովրդական երաժշտություն, ու ինքը մանկուց սիրել ու գնահատել է երգչուհու արվեստը:
«Նա ինձ համար հայկական ժողովրդական երգարվեստում առանձնահատուկ տեղ ունի, որովհետև գուսանական երգերը բարձրացրել է մի այլ հարթության վրա, սրբագրել է ու մոտեցրել է դասականին»,-ասաց նա:
Նշենք, որ ֆիլմում հիմնականում հենց երգչուհին է պատմում իր անցած ուղու մասին, ինչպես նաև իր դուստր՝ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը:
«Նկարահանումները տեղի են ունեցել Օֆելյա Համբարձումյանի ամառանոցում, Մոսկվայում, օդանավի մեջ, Կրեմլի կուլիսներում, Գեղարդի վանքում, երևանյան բնակարանում: Ինքը՝ երգչուհին, դեռևս չի տեսել ֆիլմը, բայց մինչև պրեմիերան անպայման կտեսնի»,-ասաց ռեժիսորը:
Նշենք, որ պրեմիերան լինելու է հրավիրատոմսերով, բայց դահլիճում 106 նստարան նախատեսված է երկրպագուների համար:
«Ինձ թվում է, որ գոնե մի փոքր կարողացել ենք ներկայացնել հայ ժողովրդի մեր օրերի լեգենդին»,-ասաց նա:










