30 տարվա աշխատանքից հետո լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն պատմական հանրագիտարանը»

14:22 • 18.09.15

«Հայաստանի Հանրապետություն պատմական հանրագիտարան» 11 հատորանոց հանրագիտարանը, որն ամփոփված է մեկ գրքում հեղինակել ու խմբագրել է Սամվել Հակոբյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այն։


Նա ասաց, որ հանրագիտարանում ներառված են ՀՀ բոլոր մարզերի բնակավայրերը՝ իրենց պատմամշակութային միջավայրով ու պատմությամբ: Գրքում ներառված են նաև Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկություններ: Հանրագիտարանը եռալեզու է՝ անգլերեն, ռուսերեն ու հայերեն:


«Ես անդրադարձել եմ նաև ՀՀ հարակից շրջաններում՝ Վրաստանում, Իրանում գտնվող հայկական մշակութային հուշարձաններին: Հուշարձանների բոլոր լուսանկարներն իմ հեղինակային նկարներն են, միայն մի քանի լուսանկարներ կան, որ իմը չեն, բայց նշված է հեղինակի անունը»,- ասաց նա։


Ինչպես տեղեկացրեց Սամվել Հակոբյանը, գրքերը հանձնելու են կրթօջախներին, ՊՆ-ին ու Արցախի ՊԲ-ին՝ զորամասերում տարածելու համար: Արդեն մեկական օրինակ ուղարկել է  վարչապետին, ԱԺ նախագահին ու ՀՀ Նախագահին»,- ասաց նա։


«Երեսուն տարի շարունակ աշխատել եմ գրքի վրա՝ հավաքագրելով ամբողջ տեղեկատվությունը, հուշարձանների լուսանկարները: Գրքում քսան հազարից ավելի հուշարձան է ներառված, ավելի քան տասը հազար լուսանկար»,- ասաց նա:


Հանրագիտարանը լույս է տեսել առայժմ հազար օրինակով:


 

30 տարվա աշխատանքից հետո լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն պատմական հանրագիտարանը»