Բեռլինում լրտեսության արվեստի թանգարան կբացվի
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այսօր կբացվի իր տեսակի մեջ յուրահատուկ` լրտեսության արվեստի թանգարան, հայտնում է euromag.ru-ն։
Աղբյուրը նկատում է, որ Բեռլինը պատմականորեն համարվում է լրտեսների «մայրաքաղաքը», ուստի՝ ժամանակն է հարգանքի տուրք մատուցել պատմական այս փաստին` թեմատիկ թանգարան բացելով:
Նշվում է, որ թանգարանում կներկայացվեն բազմաթիվ իրեր ու պարագաներ, որոնք առնչվում են ԽՍՀՄ-ի հետ «սառը պատերազմի» տարիներին: Մասնավորապես, ցուցադրվելիք նմուշների շարքում կլինեն կոդավորված գաղտնի գրություններ, լրտեսական ձայնագրություններ, ինչպես նաև լրտեսական ամենատարբեր հարմարանքներ, օրինակ` կրծկալներ, ժամացույցներ ու անձրևանոցներ, որոցում կան ներկառուցված փոքրիկ տեսախցիկներ, ձայնագրիչներ։










