Մայդանի մասին ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում առաջին տեղն է զբաղեցրել (տեսանյութ)
Ուկրաինական «Ձմեռը կրակի մեջ» ֆիլմը, որը պատմում է Մայդանի դեպքերի մասին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում առաջին տեղն է զբաղեցրել, գրում է Обозреватель-ը։
Ֆիլմը ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը «Փաստագրական ֆիլմեր» անվանակարգում։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության և մեր ֆիլմը որպես կարևոր պատմական հուշարձան ճանաչելու համար»,- նշել է ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկին։
Նա հայտնել է նաև, որ հոկտեմբերի 9-ից ֆիլմը հասանելի կլինի Netflix ծառայության միլիոնավոր օգտատերերի համար։
Կինոփառատոնի շրջանակում կայացել է նաև մեկ այլ ուկրաինական «Երգ երգոց» ֆիլմի ցուցադրությունը։
Տորոնտոյի ներկայիս կինոփառատոնն անցկացվել է 40-րդ անգամ։ 10 օրերի ընթացքում ներկայացվել է ավելի քան 300 ֆիլմ մոտ 60 երկրներից։ Փառատոնի առանձնահատկությունը պրոֆեսիոնալ ժյուրիի բացակայությունն է, հաղթող է ճանաչվում այն ֆիլմը, որը մեծ քանակությամբ դրական արձագանքներ է ստանում հանդիսատեսից։










