Փարիզում դ՛Օրսե թանգարանը փակվել է՝ աշխատակիցների գործադուլի պատճառով

14:07 • 22.09.15

Փարիզի դ՛Օրսե թանգարանի աշխատանքը դադարեցվել է՝ աշխատակիցների գործադուլի պատճառով, որոնք բողոքում են աշխատանքի ամենօրյա ռեժիմ սահմանելու ղեկավարության պլանների դեմ, գրում է РИА Новости-ն։

 

Երեքշաբթի առավոտյան թանգարանի մուտքի մոտ կուտակվել են տասնյակ այցելուներ, որոնք չեն կարողացել ներս մտնել։

 

France Bleu ռադիոկայանի տվյալներով՝ գործադուլը կապված է նոյեմբերի 2-ից ամենօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելու իշխանության պլանների հետ: Այդ նախաձեռնությունն անդրադարձել է նաև Լուվրին և Վերսալյան պալատին։ Նման միջոցները նախատեսված են դպրոցականներին զբոսաշրջային հոսքերից դուրս թանգարաններ այցելելու հնարավորություն ընձեռելու համար։

 

Իրենց հերթին թանգարանի աշխատակիցները դեմ են ղեկավարության առաջարկներին: CGT-Culture արհմիության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Սորբյեի խոսքով՝ թանգարանի հավաքածուն պահանջում է խնամք, իսկ «բոլոր գործընթացները համատեղելի չեն այցելուների մեծ քանակության ներկայության հետ»։

 

Թե որքան երկար կտևի գործադուլը՝ չի հաղորդվում։

Փարիզում դ՛Օրսե թանգարանը փակվել է՝ աշխատակիցների գործադուլի պատճառով