Կառլոս Սանտանան ու Պիտբուլը ներգաղթյալների մասին երգ են ներկայացրել (տեսանյութ)

13:48 • 22.09.15

Լատինամերիկյան հայտնի երաժիշտներ Կառլոս Սանտանան ու Պիտբուլը ներկայացրել են նոր  ստեղծագործություն, որում արծարծվում է ներգաղթյալների թեման ու քննադատվում նրանց նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, We’re All Mexican երգում խոսվում է մեքսիկացի ներգաղթյալների մասին, տեսահոլովակում ցուցադրվում են համաշխարհային նվաճումների հասած մեքսիկացիների լուսանկարները, ծածանվում են այդ երկրի ու ԱՄՆ-ի ազգային դրոշները։

 

Բացի այդ, ցուցադրվում են մեքսիկացի ներգաղթյալների մասնակցությամբ կադրեր, որոնք պատմում են ամերիկյան հասարակության զարգացման գործում նրանց ունեցած ավանդի մասին։

 

Տեսահոլովակի ռեժիսոր Էմիլիո Էստեֆանը պատմել է, որ երգի գաղափարն առաջացել է վերջերս ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի` մեքսիկացի ներգաղթյալների հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններից հետո:

 

Հիշեցնենք, որ Թրամփն ասել էր, թե «նախագահ ընտրվելուց հետո ինքը հսկայական պատ կկառուցի Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի թմրամոլ ու բռնաբարիչ ներգաղթյալները չհատեն ԱՄՆ-ի սահմանը»։

 

Կառլոս Սանտանան ու Պիտբուլը ներգաղթյալների մասին երգ են ներկայացրել (տեսանյութ)