Էռնա Յուզբաշյանի բեմական գործունեության 35-ամյակին նվիրված համերգ-երեկոն՝ «Ջազզվե» բացօթյա սրճարանում (լուսանկարներ)

13:16 • 23.09.15

Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ջազզվե» բացօթյա սրճարանում կազմակերպվող միջոցառումների շարքում երեկ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներից համերգներով Երևան ժամանած երգչուհի Էռնա Յուզբաշյանի համերգ-երեկոն, որին ներկա էին հայտնի երգիչ-երգչուհիներ, դերասաններ և պաշտոնյաներ։ 

 

Հյուրերի թվում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Ռաիսա Մկրտչյանը, Արմինկան, երաժիշտներ Մալխասը, Ֆորշը, հաղորդավարուհիներ Նազենի Հովհաննիսյանը, Սաթիկ Սեյրանյանը, և այլոք։

 


Հիշեցնենք, որ Էռնա Յուզբաշյանը սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը։

 


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց երգչուհու պրոդյուսեր Էմիլ Կարատը, Էռնա Յուզբաշյանը մի քանի համերգային ծրագրերով կամփոփի իր բեմական գործունեության 35-ամյակը, նա համերգներով հանդես կգա Երևանում, Արցախում, Գյումրիում և ԱՄՆ-ում։
 


«Չեմ կարող ասել, թե երջանիկ եմ, չեմ կարող խաբել, անձնական կյանքս ես այդպես էլ չդասավորեցի, երջանիկ եմ իմ աղջնակով, իմ կյանքի ռիթմով, որն ընտրել եմ և, իհարկե, լավ երգերով,- այս խոսքերով Էռնա Յուզբաշյանը սկսեց զրույցը հյուրերի հետ համերգից րոպեներ առաջ,–ես ուզում եմ երջանիկ լինել, սիրահարվել, լավ երգեր եմ ուզում, որոնք կգրեն ու կնվիրեն, ոչ թե կվաճառեն»:
 


Լրագրողների հետ զրույցում երգչուհին անդրադարձավ նաև վերջին օրերին լայն քննարկման առիթ դարձած «Վաստակավոր արտիստ» կոչմանը. «Ես չէի սպասում, որ կարժանանամ մրցանակի, ինձ համար շատ հաճելի էր, համարում եմ, որ դա գնահատականն էր իմ հանդիսատեսի, որն ինձ հետ է արդեն 35 տարի։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ այդ մրցանակին են արժանանում նաև որոշ մարդիկ, կարծում եմ, դա նորմալ է, միշտ էլ այդպես է եղել»։
 


«Ջազզվե» սրճարանային ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Սիլվա Ղամբարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ հաճելի է «Ջազզվե»-ի հարկի տակ ողջունել նման արտիստի։


«Շնորհակալ ենք մեր հովանավորներին, «ԷՆԻ ՌՈՈՒԶ» ծաղկի սրահին և «ԱՆԴԱԿՈ» ընկերությանը՝ համերգը իրականացնելու համար, ինչպես նաև ինֆորմացիոն հովանավորներին և լրագրողներին այս գեղեցիկ երեկոն լուսաբանելու համար»,–հավելեց նա։
 

Պատրաստեց՝ Լենա Մինասյանը


Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի


 


 

Էռնա Յուզբաշյանի բեմական գործունեության 35-ամյակին նվիրված համերգ-երեկոն՝ «Ջազզվե» բացօթյա սրճարանում (լուսանկարներ)