Ջոն Լենոնի վատ պահվածքի մասին գրառումներով թուղթը հանվել է աճուրդի
15-ամյա Ջոն Լենոնի վատ պահվածքի մասին գրառումներով դպրոցական տեղեկանքը Sotheby’s աճուրդի տունը հանել է աճուրդի, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, հաղորդում է РИА Новости-ն։
The Beatles խմբի ապագա առաջատարին արված նկատողություններով ձեռագիր թուղթն ակնկալվում է, որ կվաճառվի 2-3 հազար ֆունտ սթերլինգով:
«1955 թվականի սեպտեմբերի 9-ից 1956 թվականի հուլիսի 11-ը վեց ուսուցչի հետ գրանցված «միջադեպերը», երբ Լենոնին ստիպում էին մնալ դասերից հետո, խոսում են այն մասին, որ նա արդեն 15 տարեկանում ըմբոստ բնավորություն է ունեցել»,- նշել են Sotheby’s-ում։
«Տնային աշխատանքն արված չէ», «շարունակում է խոսել երկու նկատողությունից հետո», «խանգարում է դասարանին», «ուշացել է», «հիմար ձևով է իրեն պահում»՝ գրված են գրառումներից մի քանիսում:
Վաճառողի խոսքով, ում անունը ավանդաբար չի բացահայտվում, գրառումներով թուղթը Լիվերպուլում գտնվող դպրոցի աշխատակիցները պոկել են, երբ դասավորում էին արխիվները և ոչնչացնում հին նյութերը։










