Գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ գիտական դպրոցներն էլ ավելի ակտիվ կմասնակցեն ոլորտի զարգացումներին. Հրանտ Մաթևոսյան

10:25 • 24.09.15

 


Գիտության ոլորտում առաջընթաց գրանցելու համար գիտնականի առջև պետք է դրվեն խնդիրներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը՝ նշելով, որ ոլորտում նախկինում եղած բոլոր խնդիրները շարունակում են լուծում պահանջել: Մամուլում հրապարակվեցին տեղեկություններ, թե 2016թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին նյարդայնացրել է գիտնականների առաջարկը ոլորտի հատկացումների մեծացման վերաբերյալ ու վերջինս ասել է, թե ի՞նչ եք արել դուք, որ դեռ գումար էլ եք պահանջում: Այս առնչությամբ Հրանտ Մաթևոսյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց, սակայն նշեց, որ պատկան մարմինները անտեսում են ոլորտը:


- Քննարկվում է 2016թ.-ին պետական բյուջեի հատկացումը գիտական ոլորտին: Ո՞ր խնդիրներ են առաջնային լուծում պահանջում, ինչի՞ համար պետք է մեծացվի ֆինանսավորումը:

 

- Բոլոր նախկինում եղած խնդիրները, որոնք կային, մինչև հիմա մնացել են ու իրենց լուծումը չեն ստացել: Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը լինելու է այնքան, որքան կավելանա բյուջեն: Դա կազմում է շուրջ 1 կամ 1.5 տոկոս: Զգալի ավելացում չի լինելու: Բյուջեով նախատեսված է գումար հատկացնել «Հորիզոն 20-20»  ծրագրին, որպեսզի Հայաստանը դառնա այս ծրագրի անդամ: Սա կհանգեցնի նրան, որ գիտական դպրոցները ավելի ակտիվ կմասնակցեն ոլորտի եվրոպական զարգացումներին և կդառնան ներդրումների պատճառ: Սա, իհարկե, հաճելի է:

 

- Չեն դադարում խոսակցությունները, որ գիտնականները ոչինչ չեն արել ոլորտի հատկացումներին արժանանալու համար:

 

- Ո՞վ է ասում, որ գիտնականները գործ չեն անում, մենք էլ փող չենք տալիս:

 

- Մամուլում հրապարակում եղավ, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հենց նման կերպ է արձագանքել գիտնականների պահանջին՝ մեծացնելու ոլորտի ֆինանսական հատկացումները:

 

- Ես Դավիթ Հարությունյանի հայտարարությունը չեմ լսել, ամեն ասված բառ նշանակություն ունի, դրա համար առանց տեսնելու չեմ ուզի զրուցել:

 

- Ամեն դեպքում, վերանալով Դավիթ Հարությունյանի հայտարարությունից, նման մոտեցում հանրության մեջ կա: Ինչո՞վ է պայմանավորված այդ տեսակետը, որ գիտնականների աշխատանքը չի երևում:

 

- Դա շատ պարզունակ մոտեցում է հարց ուղղել, թե ի՞նչ է անում գիտությունը ՀՀ տնտեսության համար: Թե ինչո՞վ են զբաղված գիտնականները ակնհայտ է, նրանք աշխատում են գիտության շատ ասպարեզներում, գտնվում են առաջնակարգ դիրքերում: Տպում են հոդվածներ, որոնք մեծ փորձաքննություն են անցնում, դրանք հրապարակվում են արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում: Ոչ մի անգամ ՀՀ տնտեսվար անձանց կողմից չի եղել գիտության առջև դրված որևէ խնդիր կամ պռոբլեմ: Երբևէ նման բան չի եղել, որ գիտնականի առաջ մի խնդիր դնեն, նա էլ չկարողանա լուծել: Նայեք, ծանր մեքենաշինությունը, օրինակ՝ էլ չկա, իսկ մեր քիմիական ընկերություններն աշխատում էին այդ ժամանակ, իսկ սա հիմա գոյություն չունի: Ու այն ժամանակ տնտեսության մեջ լինում էր ներդրում: Հիմա տնտեսությունը վարողներին նման երևույթները չեն հետաքրքրում:

 

- Գուցե նորամուծությունների պահանջ կա:

 

- Կրկնում եմ, խնդիր չի դրվում:

 

- Ստացվում է, որ եթե գիտնականի առաջ որևէ խնդիր չի դրվում, ոլորտում՝ բացի Ձեր կողմից մատնանշված հոդվածների տպագրումից, այլ առաջընթաց չի՞ գրանցվում:

 

- Ոչ, ոչ, հարցը դրանում չէ: Նախ ասեմ, որ գիտական հոդվածները մեծ հարստություն են, և մեր ցուցանիշները համաշխարհային գիտության մեջ այս հոդվածների շնորհիվ մեծանում են, մեր կշիռը բավական մեծ է և սա մեծ նվաճում է: Այս հոդվածների շնորհիվ հայկական գիտության մասին խոսում է աշխարհը: Կատարվում են նորարարական ինովացիոն առաջարկներ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարություն, և հիմա ԳԱԱ-ն պատրաստում է ինովացիոն առաջարկների լրիվ նոր փաթեթ և շուտով կտպագրենք բրոշյուրների տեսքով, կուղարկենք նաև արտասահման և չի բացառվում, որ այնտեղից առաջարկ անեն: Այնպես որ, գիտությունը Հայաստանում ապրում է:

 


 

Գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ գիտական դպրոցներն էլ ավելի ակտիվ կմասնակցեն ոլորտի զարգացումներին. Հրանտ Մաթևոսյան