Ֆրանսիան պատրաստ է 80 մլն եվրո վճարել Ռեմբրանդտի կտավի համար
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են 80 մլն եվրո հատկացնել Ռեմբրանդտի կտավի գնման համար, հայտնել է երկրի մշակույթի նախարարությունը։
Միլիարդատեր Ռոտշիլդների ընտանիքը պատրաստվում է ամենամոտ ժամանակում 160 մլն եվրոյով վաճառքի հանել հոլանդացի նկարչի 2 աշխատանքները։ Երկու կտավներն էլ Ռեմբրանդտը նկարել է 1634-ին, գրում է ТАСС գործակալությունը։
Ի սկզբանե, մեկ կամ երկու կտավները գնելու փորձ էր արել Փարիզի Լուվրը՝ տարվա ընթացքում բանակցություններ վարելով սեփականատերերի հետ։ Սակայն թանգարանը բավականին սահմանափակ տարեկան բյուջե ունի, որը չի գերազանցում 8 մլն եվրոն։ Անհրաժեշտ գումարը հովանավորների օգնությամբ հավաքել նրանց չի հաջողվել։
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է մասամբ հովանավորել կտավների գնումը։ Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, կտավները գնելու գործընթացը կիրականացվի երկու երկրների կառավարությունների հետ համատեղ։










